«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի հարցումները Թևան Պողոսյանի պատվերով չեն անցկացվում. Մայքլ Քեմբեք

15:29 • 28.04.12

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից Հայաստանում կատարվող հարցումները «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Թևան Պողոսյանի պատվերով չեն իրականացվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը:



«Ոչ մի քաղաքական կուսակցություն և ոչ մի քաղաքական գործիչ չի վճարում հարցումների համար»,- նկատեց Քեմբեքը:

Թևան Պողոսյանը, ով ՀԵԲ-ի հիմնադիրներից է, Քեմբեքի խոսքով, որոշել է դուրս գալ հիմնադիրների խորհրդից՝ խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար:

 

ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ կազմակերպությունը որոշել է հարցումներ անցկացնել միայն այն բանից հետո, երբ նկատել է, որ հարցումներ իրականացնող ընկերությունների կողմից երկիմաստ տվյալներ են ներկայացվում:


«Շատ հարցումներ, որ կատարվում են Հայաստանում, բավականին երկիմաստ են և շատերի դեպքում չես հասկանում, թե ի՞նչ մեթոդաբանություն է կատարվել: Ձեզ ենք թողնում, որ որոշեք, թե ո՞րն է ավելի վստահելի և ճշգրիտ: Սա մեզ համար՝ որպես հասարակական կազակերպություն, շատ կարևոր է»,-նկատեց Քեմբեքը:

 

Ապա հավաստեց, որ ՀԵԲ-ի հարցումներն իրականացվել են բարձր որակով ու մակարդակով: