Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության միակ զսպող ուժը հայկական բանակն է. Նարեկ Գալստյան
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության միակ զսպող ուժը հայկական բանակն է: Քաղաքագետն՝ այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ միջազգային հանրությունը էական դերակատարում չունի այս խնդրում:
«Միջազգային հանրության հայտարարությունները բավական մեղմ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը բավական անատամ էր, այն զուտ կոչ է՝ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Առայժմ միջազգային հանրությունը չունի համարժեք մեխանիզմներ, ինչի միջոցով հնարավոր կլինի կանխել նման ոտնձգությունները: Միակ զսպող հանգամանքը և հակակշիռը՝ հայկական զինված ուժերն են»,- ընդգծեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Այգեպար գյուղի դիրքերում ժամկետային երեք զինծառայողներ են սպանվել. պաշտպանության նախարարության նախնական տեղեկությունների համաձայն, նրանք մահացել են հակառակորդի արձակած գնդակներից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Անդրադառնալով կատարված ողբերգական դեպքին, Նարեկ Գալստյանը նկատեց՝ շատ ճիշտ արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ասելով, որ համարժեք պատասխան կլինի դրան:
Ըստ քաղաքագետի, կատարվածն ունի իր նախապատմությունը: Նրա կարծիքով՝ ամեն ինչ սկսվեց, երբ Բաքվում կայացած Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը, իրեն բնորոշ հռետորաբանությամբ, հայերի հասցեին հնչեցրեց անվայել արտահայտություններ՝ նրանց անվանելով ֆաշիստ և օկուպանտներ:
Ապա դրան հաջորդեցին հրադադարի խախտումներն ու կրակահերթերը, իսկ դրա գագաթնակետը երեկվա դեպքն էր: Քաղաքագետը նշեց, որ ռազմական տեսանկյունից ոչ մի նշանակություն չուներ երեկվա իրադարձությունը և ոչ էլ մեսիջ էր միջազգային հանրությանը, քանի որ Ադրբեջանը վաղուց է բացատրել, թե ինչ է ուզում:









