ԱԺ նախագահը հանդիպեց ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ

01:06 • 28.04.12

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Այս մասին հաղորդում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի տեղեկատվական հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:


Անդրադարձ եղավ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների ղեկավարների կողմից առաջարկվեց բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:


Քննարկվեցին նաև տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր: Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար: