Ես սրտանց ցանկանում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջանա. Պարույր Հայրիկյան
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը սրտանց ցավում է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վատառողջ լինելու համար և ցանկանում է, որ վերջինս շուտ ապաքինվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրիկյանը:
«Ես միշտ վատ տրամադրված լինելով Լևոն Տեր-Պետրոսյանին, այսօր սրտանց ցավում եմ, որ նա վատառողջ է և ցանկանում եմ նրան առողջություն: Ես միշտ նրան հորդորել եմ, որպեսզի թողնի ծխելը, սակայն նա մինչ օրս ծխում է, և դա շատ վատ կարող է անդրադառնալ նրա առողջության վրա»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդն անդրադարձավ նաև իր ղեկավարած կուսակցության`առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմանսակցելու փաստին.
«ԱԻՄ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսօրվա քաղաքական դաշտը վարձկանների կուսակցությունների դաշտ է: Մենք ընտրություններին չենք մասնակցել, որովհետև այժմ չունենք այնքան հետևորդ, որ մեզ ընտրեն: Սակայն մենք Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունենք»,- ասաց Հայրիկյանը:
Վերջինս կարծիք հայտնեց նաև, որ այս տարվա ընտրություններն իսկապես կլինեն ընտրություններ, և առանձնակի խախտումներ չեն արձանագրվի:
«Ես կարծում եմ, որ 1998 թվականի ընտրությունների նման՝ այս ընտրություններն էլ նման կլինեն ընտրությունների և իսկապես կտեսնենք ժողովրդի կամքը»,-ասաց Պ. Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական կուսակցություններ` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ մեամասնական ընտրակարգով մասնակցելու համար:
Նշենք նաև, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մինչ ընտրություններ հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ ինքը չի տեսնում հնարավորություն, որ ԱԻՄ-ը ունի բավականաչափ էլեկտորատ:









