Հնդկաստանն ԱՄՆ –ի ռազմական դաշնակիցն է դառնում

21:41 • 28.04.12

Վաշինգտոնը չեղյալ է համարել Հնդկաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները, որոնք արգելում էին Հնդկաստանի համար հասանելի դարձնել ԱՄՆ-ի առաջատար ռազմական տեխնոլոգիաները: TNN գործակալության փոխանցմամբ` նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Էնդրյու Շապիրոն:

Գործակալության աղբյուրի խոսքերով, ներկայում Վաշինգտոնը Դելիին որպես դաշնակից և գործընկեր է ընկալում:


Այսուհետ հնդկական ընկերությունները կարող են ստանալ այն տեխնոլոգիաները, որոնք նախկինում հասանելի էին միայն ԱՄՆ-ի որոշ բացառիկ դաշնակիցներին:


Այժմ ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել «առուծախի» մեթոդից Հնդկաստանի պարագայում, և անցնել` նոր տեխնոլոգիաների վրա համատեղ աշխատանքի տարբերակին: «Մենք ցանկանում ենք օգնել Հնդկաստանին ստեղծել այն տեխնոլոգիաները, որոնք նրանց անհրաժեշտ են սեփական շահերը պաշտպանելու համար», - նշել է Շապիրոն:

 

ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զգալիորեն ամրացել է վերջին տարիների ընթացքում: Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) տվյալներով, 2010թ. ԱՄՆ-ն Հնդկաստանին է առաքել 51 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ռազմական նշանակության արտադրանք, իսկ 2011թ.` 190 մլն դոլարի:


Ներկայում Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրերի ընդհանուր ծավալը հասնում է 8 մլրդ ԱՄՆ դոլարի: