Ուկրաինայի իշխանությունները 250 հազ դոլար են խոստացել պայթյունների մասին տեղեկության համար

16:37 • 28.04.12

Ուկրաինայի իշխանությունները 2 մլն գրիվնա են խոստանում (մոտ 250 հազ դոլար) Դնեպրոպետրովսկում պայթյունների կազմակերպման մասին յուրաքանչյուր տեղեկության համար, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն` վկայակոչելով նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

 

Երեկ քաղաքի տարբեր հատվածներում որոտացել է 10 պայթյուն, որոնց հետևանքով վիրավորվել է 27 մարդ, այդ թվում` 9 երեխա: Վիրավորներից 25-ը տեղափոխվել էին հիվանդանոց, նրանցից 12-ի վիճակը միջին ծանրության է:


«Խոստացված է 2 մլն գրիվնա պարգև յուրաքանչյուր տեղեկության համար, որը կօգնի բացահայտել հանցագործությունը»,- այսօր Դնեպրոպետրովսկում համակարգող շտաբի հետ խորհրդակցությանը հայտարարել է նախագահը:

 

Նա նաև հայտնել է, որ պայթյունների վարկածների թիվը գնալով նվազում է: Յանուկովիչը կարգադրել է հնարավորինս արագ հանցագործներին հայտնաբերել ու պատժել նրանց: Իսկ խորհրդակցությունն անցել է փակ դռների ետևում, քանի որ, ըստ նախագահի, կա «որոշակի գաղտնիք»:


Երեկ վիրավորներին այցելության ժամանակ նա ասել էր, որ պայթյունները երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են:

 

«Եվ հետագայում դրանց բացառումը մեր այսօրվա գերխնդիրն է»,- ասել էր Յանուկովիչը:

 

Հարուցվել է քրեական գործ: Ուկրաինայի Անվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնը դիմել է միջազգային կազմակերպություններին` գործի բացահայտմանն աջակցելու խնդրանքով:


Մինչև մայիսի 2-ը զանգվածային միջոցառումները քաղաքում արգելված են: