ԵՊԼՀ-ի ուսխորհուրդը «փորձել է կասեցնել» ստորագրահավաքը (տեսանյութ)
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԵՊԼՀ Ուսխորհրդի անդամները փորձել են իրենցից վերցնել ստորագրահավաքների ցուցակը, որով «Ազատ ուսանողների ֆորումը» պահանջում է ուսխորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Այսօր (ապրիլի 28-ին) ուսխորհրդի անդամներից երկուսը փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ և հայտարարել, որ դեկանը (պարզ չէ որ դեկանը) կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով քաշքշուկ է սկսվել»,– ասվում է հայտարարությունում:
«Ես վրա հասա այն պահին, երբ այդ տղան գոռում էր նրա (ստորագրահավաք անցկացնողի ) վրա, բուհի աշխատակիցը , որը ներկա էր այդ ամենին, փոխանակ տղային սաստի, հարձակվել էր այդ աղջկա վրա և քննադատում էր»,- ուսանողուհիներից մեկի խոսքերն է մեջբերում ֆորումը:
Ըստ հայտարարության, երբ ուսխորհրդի վիճող անդամներից հարցրել են, թե ինչու են փորձել վերցնել ցուցակները, նրանք պատասխանել են, որ «ուսխորհուրդը դուք չէ, որ պետք է լուծարեք։ Ուսխորհուրդը ինքնակառավարվող մարմին է, և ո'չ դեկանատը, ո'չ ռեկտորատը ու, ուր մնաց ուսանողը, չի կարող ուսխորհուրդը լուծարել»:









