Կուբացի դերասաններն իրենց մարմնավորած հերոսների օրինակով փախել են ԱՄՆ
Կուբացի երկու դերասաններ, ովքեր կղզուց փախուստի դիմածների մասին ֆիլմում գլխավեր դերակատար են եղել, փախել են Միացյալ Նահանգներ, հաղորդում է BBC գործակալությունը:
Խավիեր Նունես Ֆլորիանը և Անեյլին դե լա Ռուան մեկ շաբաթ առաջ անհետ կորելուց հետո հայտնվել են Մայամիում, և պատրաստվում են դիմել ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու համար:
Դերասանները ֆիլմի պրոդյուսերի հետ ամերիկյան վիզաներ էին ստացել և ուղևորվում էին Նյու-Յորք, իրենց «Մեկ գիշեր» կոչվող ֆիլմի պրեմիերային, որը պետք է ներկայացվի «Տրեբեկա» կինոփառատոնի շրջանակներում:
Սակայն Նյու-Յորք նրանք այդպես էլ չեն հասել: Մայամիի օդանավակայանում Նյու Յորքի օդանավին սպասելիս դերասանները որոշել են խանութներով մի փոքր շրջել, որից հետո անհետացել են:
Պրոդյուսերը, մյուս դերասանների հետ զուր տեղը նրանց երկար սպասել է օդանավակայանում: Վերջին կասկածները, որ Խավիերն ու Անեյլին որոշել են Նյու-Յորք չգնալ, վերացել են այն ժամանակ, երբ բացել են նրանց ուղեբեռը: Երիտասարդ դերասանների պայուսակները դատարկ են եղել: Փախուստը իրականում լավ ծրագրված է եղել:
«Մեկ գիշեր» ֆիլմում պատմվում է երեք երիտասարդ կուբացիների մասին, ովքեր լավ կյանք փնտրելով, Մայամի են փախնում:
Բրիտանացի ռեժիսոր Լույիս Մոլոյի ֆիլմը նկարահանվել է նախագահ Ռաուլ Կաստրոյի կառավարության հովանավորությամբ, սակայն, ըստ «Թայմս» պարբերականի, գլխավոր դերակատարների այս իրական փախուստից հետո Կուբայի իշխանությունները դժվար թե հավանություն տան ֆիլմի շարունակության նկարահանմանը:










