Մենք գործելու ենք հանուն ավելի լավ Հայաստանի. Սերժ Սարգսյանն ասել է գյումրեցիներին
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչների հետ, և նշեց, որ արդեն վերականգնվել է գյումրեցու հումորն ու գյումրեցին կրկին լուսավոր է դարձել:
«Մեր ընդհանուր կռիվը ապահով կյանքի համար է: Գյումրին աստիճանաբար վերագտնում է իր նորոգ տեսքը և այն մարդկանց նկարագիրը, որ մեր ժողովրդի փառքն ու պատիվն են եղել և կան: Գյումրեցին ծանր կորուստներից և ցավալի ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն է դառնում, մարզադաշտ է բացում, ֆուտբոլի երկրպագուների պրոֆեսիոնալ խմբեր կազմում»,- ասաց ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Կար ժամանակ՝ ասում էինք գյումրեցի ու պատկերացնում համով-հոտով կատակող մարդուն:
Ասում էինք` երկրորդ քաղաք, ուղղում էին, թե` հայրաքաղաք:
Երկրաշարժը շատ բան փոխեց: Ափսոս վարպետաց ու հումորի քաղաքը: Չեմ ուզում խոսել երկրաշարժի մասին: Բայց ուզում եմ ձեզ հետ խոսել հենց ձեր մասին: Քանի տարի ասում էինք` Գյումրի, ու առաջին ակնթարթներին ավերն էինք հիշում: Դրանից հետո Գյումրին մի պատերազմ ավել կռված մեր զինվորը ասես լիներ: Մեր բոլոր պատերազմների մեջ` մի կռիվ ավել: Կռիվ, որին տալիս ես կյանքդ` ապրելու համար: Ամենօրյա կռիվ` նորից ապրելու ոգի ու քաջություն: Դուք, իրոք, քաջ մարդիկ եք: Ասում են ձեզ դրա մասին, թե չէ, շատերս դրանում ուղղակի համոզված ենք: Հիացմունք, նման նրան, երբ տեսնում ենք, թե ինչպես է ծիլը ժայռը ճեղքում, ամրանում ու ծառ դառնում: Ի՞նչը օգնեց գյումրեցուն իր կենաց ծառը ապրեցնել ու օջախը վառ պահել: Արմատները՞, Կյանքի սե՞րը, Հույսը՞, Հավատը՞: Բոլորը: Նաև Կամքը, քաջությունը, բարեկամի ձեռքը, մեծ ընտանիքում լինելը, մի ընտանիք լինելը, ցավը կիսելը: Շատ բան»,– ասաց Սերժ Սարգսյանը՝ և ավելացրել, որ ինքն էլ է զինվոր, որը ծառայում է իր ժողովրդին ու նաև ունի որոշումներ ընդունելու իրավունքն ու պարտականությունը:
«Դա էլ իմ կռիվն է: Իմ կռիվն էլ բոլորի համար է` ովքեր իմ կուսակցությունից են, ուրիշ կուսակցություններից են, անկուսակցական են, գաղափարական մրցակիցներ են, կամ` ոչ: Գյումրեցին այսօր կանգնել է իմ դիմաց բացճակատ: Կռված ու հաղթած մարդը միշտ բացճակատ է: Ես էլ եմ բացճակատ: Գիտեմ` գյումրեցու խոսքը միշտ գրպանն է, ուղիղ խոսքը` ուղիղ ճակատին»,– նշեց ՀՀ նախագահը:
«Այո՛, Գյումրին աստիճանաբար վերագտնում է իր նորոգ տեսքը և ամենակարևորը՝ վերագտնում է այն ուժեղ մարդկանց նկարագիրը, որ մեր ժողովրդի փառքն ու պարծանքն են եղել և կան: Երբ գյումրեցին ծանր կորուստներից ու ցավալի ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն է դառնում, երբ Գյումրին արդեն մարզադաշտ է բացում ու ֆուտբոլային ֆանատների պրոֆեսոինալ խմբեր կազմում, բոլորիս համար արդեն պարզ է, որ ո՛չ միայն ամեն ինչ կորած չէ, այլև Գյումրու համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,– ասաց Սերժ Սարգսյանը:
Առաջիկա ընտրարշավին անդրադառնալով՝ ՀՀԿ ղեկավարը նշեց, որ առաջիկա ընտրությունների բնականոն ընթացքը «բոլորիս պատվի և արժանապատվության հարցն է»:
«Ես համոզված եմ, որ դուք և մենք պատվով ենք հանձնելու այդ քննությունը: Առկա դժգոհությունը մենք համարում ենք առաջընթացի խթան: Մենք գործելու ենք այնպիսի Հայաստանի համար, որտեղ յուրաքանչյուրն ունի աշխատանք և արժանապատիվ կյանք, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ և յուրաքանչյուր տարեց մարդ` կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք»,- ասաց ՀՀԿ ղեկավարը:
«Մենք ասում ենք՝ գործելու ենք այնպիսի Հայաստանի համար, որտեղ ամեն ոք կարող է իրացնել իր հնարավորությունները և ոչ թե լավ կյանքի փնտրտուքով հայտնվել արտասահմանում:
Մենք ասում ենք՝ գործելու ենք այնպիսի Հայաստանի համար, որտեղ մարդն ունի աշխատանք ու արժանապատիվ վաստակ: Որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ, իսկ յուրաքանչյուր տարեց մարդ` կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք:
Մենք գործելու ենք հանուն ավելի լավ Հայաստանի` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար՝ երեխաների, հայրենիքը պաշտպանողների, աշխատողների, աշխատել ցանկացողների, հողագործների, ստեղծագործողների, ձեռնարկողների, տարեցների, հաշմանդամների համար: Մենք գործելու ենք օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար»,– ասաց ՀՀԿ ղեկավար՝ ավելացնելով, որ հենց դրա մասին է Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիրը:
Իր ելույթում ՀՀ նախագահը գյումրեցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ իշխող ՀՀԿ-ին, ինչպես նաև Գյումրի քաղաքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում քվեարկել Արման Սահակյանի օգտին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:









