Տավուշցիները վերջին հրաժեշտն են տալիս զոհված 3 զինծառայողներին

16:05 • 29.04.12

Լուսանկարը՝ Գոհար Աբրահամյանի

 

Տավուշի մարզի Բերդի շրջանի Մշակույթի տան մոտ այսօր հարյուրավոր տավուշցիներ են հավաքվել` վերջին հրաժեշտը տալու ապրիլի 27-ին Այգեպար-Մովսես հատվածում սպանված հայազգի զինծառայողներին:
 

Սպանված պայմանագրային զինծառայողներն են` Եսայան Արամ 25 տարեկան, Ներսիսյան Արշակ 21 տարեկան, Աբգարյան Դավիթ 27 տարեկան:

21-ամյա Արշակի մարմնի կողքին, ցավից քարացած, կանգնած են  նրա 18-ամյա այրին և մայրը: «Իմ կորած հերոս, իմ բալա»,- շշնջում է մայրը:

Բերդի Մշակութի տան բակում հոգեհանգստի կարգ է տեղի ունեցել: Ներկա են եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, զինծառայողների մարտական ընկերները, հարազատները, տարածաշրջանի գյուղերից ավտոբուսներով եկած հարյուրավոր տավուշցիներ:

Վերջին հրաժեշտի արարողության ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սիմոն Եսայանը: «Ադրբեջանը չի հաշտվում պարտության մտքի հետ և այս ցնցող տեսարանը` մեր տղաների դիակները, արդյունք էր նրանց ստոր քաղաքականության և արյունոտ գործունեության»,- իր խոսքում ասել է նա:
 

Տավուշի բնակիչները Tert.am-ին տեղեկացրել են, որ ադրբեջանական խմբի հարձակման պահին զինվորականները եղել են ոչ զինվորական մեքենայով և համազգեստով, ինչն էլ ենթադրել է տալիս, որ հարձակումը ծրագրված է եղել ոչ թե կոնկրետ զինվորականների, այլ հենց գյուղի խաղաղ բնակիչների դեմ:
 

Միջադեպի ընթացքում վիրավորված զինծառայողը պատմել է, որ ինքը հրաշքով է փրկվել. ադրբեջանցիները պարզապես նրան էլ է մահացած կարծել:

Ադրբեջանցիները զինված են եղել խլացուցիչ զենքերով, հետևաբար հայազգի զինծառայողները մոտալուտ վտանգը չեն զգացել: Ամեն ինչ սկսվել է դիմապակու փշվելուց հետո:
 

Զոհված զինծառայողների մարմիններն հողին են հանձնվել ծառայակից ընկերների համազարկերի ներքո: