Մենք վերջին ճակատամարտի դուրս չենք եկել. Աղվան Վարդանյան
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Աղվան Վարդանյանը մյուս քաղաքական ուժերին հորդորում է պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները:
«Մենք այստեղ վերջին ճակատամարտի դուրս չենք եկել և պետք է կարողանանք քաղաքակիրթ մրցակցության պայմանները պահպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդանյանն ու նկատեց, որ նման հայտարարություն է անում, քանի որ շատ տեղերում նկատելի է նախընտրական լարվածության մեծացում:
ՀՅԴ ներկայացուցչին չի գոհացնում լրատվամիջոցների աշխատանքը, որոնք, ըստ նրա, ազատ և ինքնուրույն չեն առաջնորդվում. «Ցավում եմ ուղղորդվող սոցհարցումների համար, որոնք որևէ բան չեն կարող փոխել, բայց մարդկանց մեջ կա մի շերտ, որը հաճույք է ստանում նման հայտարարություններից»:
Վարդանյանը հիշեցրեց նախորդ ընտրություններին ևս գործարկված նմանատիպ սցենարը, երբ սոցհարցումներով Դաշնակցության համար կրկին քիչ թվեր էին կանխատեսվում, բայց կուսակցությունը ստացավ շուրջ 170.000 ձայն, այն դեպքում, երբ ՀՅԴ անդամների թիվը՝ առավելագույնը, 6000- 6500 մարդ է:
Խոսելով լրատվամիջոցների մասին՝ Վարդանյանը նաև դաշնակցականամետ ԶԼՄ-ներին նկատի ուներ:
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ վերջին շրջանում վատաբանում են Դաշնակցությանը, և փորձեց ՀՅԴ-ի դեմ հարձակումները դասակարգել մի քանի կարգի: Ըստ նրա, փորձում են անձնավորված վատաբանել առաջին դեմքերին, շահարկել ժամանակին ՀՅԴ-ի իշխանության մեջ լինելը, պառակտում մտցնել դաշնակցական շարքերի ու ղեկավարների մեջ։
«Մոռացե՛ք, որևէ մեկը Դաշնակցության շարքերում կանգնած անձանց և ղեկավարության միջև պառակտում չի կարող մտցնել: Անցած 20 տարում այդ բոլոր փորձերն արվել են, և դա չի հաջողվել ո՛չ արտաքին թշնամիներին, ո՛չ էլ ներքին մրցակիցներին»:
Անդրադառնալով ժամանակին Դաշնակցության իշխանության մաս լինելու փաստին՝ Վարդանյանն ասաց, որ չկա մեկ հարց, որի համար չկարողանան իրենք պատասխան տալ:
Ի դեպ, Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ թիվ 4-րդ ընտրատարածքում սատարելու են «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, քանի որ մյուսներն առաջադրվել են իրենց մրցակից քաղաքական ուժերի կողմից, իսկ Սաթիկ Սեյրանյանը լինելով անկուսակցական, նաև անկախ լրագրող է:









