Ժողովուրդը կարողանում է հաղթահարել վախի մթնոլորտը. Արամ Մանուկյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե նկատել է, որ Ժողովուրդը կարողանում է հաղթահարել նախընտրական քարոզարշավի փուլում ստեղծված վախի մթնոլորտը:
«Տպավորիչ էր երեկ Վանաձորի հանրահավաքը, որը հիշեցնում էր 1988-ի հանրահավաքները: Ակտիվացում է նկատվում և ես դրա մեջ եմ տեսնում կեղծիքները բացառելու հիմնական երաշխիքը»,- ասաց նա և հիշեցրեց, որ ՀԱԿ վերջին հանրահավաքը տեղի կունենա մայիսի 3-ին Երևանում:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակին՝ նա ասաց, որ երկար ճանապարհից հետո տեղի էր ունեցել ճնշման տատանումներ և նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ է: «Որևէ լուրջ բան չի եղել, հուսանք, որ կմասնակցի մայիսի 3-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին»,- ասաց նա:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպած խոչընդոտներին՝ նա ասաց, որ Սպիտակ գնալու ճանապարհին որոշ գյուղերի ճանապարհներ փակ էին, սակայն դա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել իրենց գործունեության վրա:
Հարցին, թե որքան է Արամ Մանուկյանը գնահատում խորհրդարան ՀԱԿ-ի հայտնվելու շանսերը, նա պատասխանեց. «ՀԱԿ-ը թիվ մեկ հնարավորությունն ունի: ՀՀԿ-ն անգամ երրորդ-չորրորդ տեղի շանսեր չունի: Ազատ ու թափանցիկ ընտրությունների դեպքում ՀԱԿ կհավաքի 50+1% ձայներ»:
Արամ Մանուկյանը նաև նշեց, որ այսօրվա խորհրդարանում ութսունից ավել միլիոնատեր կա, և նույնքան մարդ, որոնք տարիներ շարունակ մի բառ չեն արտասանել և չգիտեն ինչ է պառլամենտարիզմը:
«Դա մեր ժողովրդի դժբախտությունն է: Խորհրդարանը լցված է մարդկանցով, որոնց կանչում են քվեարկելու այս կամ այն հարցի համար քվեարկելու: Եթե ժողովուրդը չկարողանա ուղարկել խորհրդարան մարդկանց ովքեր գրագետ են, ուրեմն վայն եկել է մեզ տարել»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե քաղաքական ուժերը և ժողովուրդը խոհեմ լինեն և նորմալ մարդկանց ուղարկեն խորհրդարան, ապա կշահի Հայաստանը:









