Արմեն Մազմանյանը հերքում է Սուրեն Հասմիկյանի հետ վիճաբանության մասին լուրը
Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ինքը նույն ինստիտուտի երկարամյա դասախոս, անվանի կինոգետ Սուրեն Հասմիկյանի հետ վիճաբանության է բռնվել՝ ավելացնելով, որ ինքն այդքան դաստիարակություն ունի, որ իմանա, թե մեծահասակների հետ ինչպես են խոսում։
Tert.am-ին զրույցում Արմեն Մազմանյանն ասաց, որ Հասմիկյանին ընդամենը, խնդրել է «ներկա լինել լսարանում իր դասախոսություններին և մարդկանց միջանցքում հանդիպելիս բարևել», իսկ մնացյալը, ըստ Մազմանյանի լրատվամիջոցների հորինվածքներն է, կամ իր ձևակերպմամբ՝ «լեգենդները»:
Հիշեցնենք, որ կայքերից մեկն այսօր տեղեկացնում էր, թե բուհում շարունակվում է լարված մնալ իրավիճակը և ռեկտոր Արմեն Մազմանյանը շարունակում է հաշվեհարդար տեսնել այն դասախոսների և ուսանողների հետ, ովքեր, ի սկզբանե, դեմ են եղել իրեն: Ըստ այդմ, երբ նորանշանակ ռեկտորն, առանց հիմնավորման, աշխատանքից ազատել է Սուրեն Հասմիկյանի դստերը, որը նույնպես բուհում դասախոս է եղել, անվանի կինոգետը դադարել է բարևել Մազմանյանին: Վերջինս փորձել է ճշտել իրեն չբարևելու պատճառը, սակայն Հասմիկյանը պատասխանել է, որ չի ուզում գործ ունենալ նրա նման «շիզոյի» հետ, ինչին էլ Մազմանյանը պատասխանել է նույն կերպ` «շիզոն դու ես»:
Tert.am-ին զրույցում Արմեն Մազմանյանը նաև ասաց, որ բուհի լրատվական ծառայությունն արդեն իր և Սուրեն Հասմիկյանին վերագրվող միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ տվել է։
«Ես Սուրեն Հասմիկյանի ուսանողն եմ եղել և այդքան դաստիարակություն ունեմ, որ իմանամ, թե մեծահասակների հետ ինչպես խոսել»:









