Տիմոշենկոյի կապտուկները ծայրաստիճան սրել են Կիև-Բրյուսել հարաբերությունները

16:17 • 30.04.12

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել Լեհաստանում և Ուկրաինայում անցկացվելիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը նվիրված` Ուկրաինայում կայանալիք միջոցառումներին, այսօր հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով Բարոզուի ներկայացուցիչ Պիու Առնեկիլդե Հանսենին:



Այսօր ավելի վաղ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցի մայիսի 11-12-ին ուկրաինական Յալթայում կայանալիք Կենտրոնական Եվրոպայի երկրների առաջնորդների գագաթնաժողովին` Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոյի հետ կապված վերջին դեպքի պատճառով: Համաձայն Տիմոշենկոյի` գաղութից հիվանդանոց տեղափոխելիս, կալանավայրի աշխատակիցները ծեծի են ենթարկել նրան:

 

Նախորդ շաբաթ, նույն պատճառով, Ուկրաինա այցելելուց հրաժարվելու որոշում էր ընդունել նաև Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը:


«Եվրահանձնաժողովի նախագահը ոչ մի մտադրություն չունի ներկայում այցելել Ուկրաինա և մասնակցել այս երկրում անցկացվելիք միջոցառումներին»,- հայտարարել է Հանսենը:

 

2011-ի հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար: Իսկ օրերս` ապրիլի 19-ին, դատարանը սկսել է Տիմոշենկոյի հանդեպ հարուցված երկրորդ քրեական գործի քննությունը, որտեղ Տիմոշենկոն մեղադրվում է 1990-ականներին` «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ղեկավար լինելու տարիներին, ֆինանսական մեքենայությունների մեջ:


Տիմոշենկոն նախորդ շաբաթ իր համախոհների միջոցով հայտարարել էր, որ իրեն գաղութից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ծեծի են ենթարկել, ինչի պատճառով նա կորցրել է գիտակցությունը:

 

Կիրակի Spiegel ամսագիրը հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Տիմոշենկոյի հետ կապված դեպքից հետո կարող է գերմանական կառավարության անդամներին խորհուրդ տալ բոյկոտել Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Անձամբ Մերկելը հայտնել է, որ կայցելի Ուկրաինա միայն այն դեպքում, եթե նախկին վարչապետն ազատ արձակվի: