Բրեյվիկը բանտից կապ է հաստատել ռուս ուլտրաաջերի հետ. դատապաշտպան
Նորվեգիայում կրկնակի ահաբեկչությունների մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը բանտից կապ է հաստատել ռուս ուլտրաաջերի հետ, այս մասին նորվեգական Dagbladet թերթին հայտնել է ահաբեկչի դատապաշտպան Թորդ Յորդեն:
Նրա խոսքով` իր պաշտպանյալն իրեն աջակցող ռուս ուլտրաաջ ծայրահեղականներից բաղկացած ցանց է ստեղծում:
«Մեզ ոչինչ հայտնի չէ այդ ռուսական ցանցի մասին, բացի նրանից, որ այն աշխատում է Բրեյվիկի Մանիֆեստի թարգմանության վրա»,- ասել է Յորդեն:
Նախորդ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկն ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա:
Կրկնակի ահաբեկչությունների զոհ էր դարձել 77 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավելի վաղ ահաբեկիչը հայտարարել էր, որ Օսլոյում ու Ուտոյա կղզում ահաբեկչությունների հիմնական նպատակը եղել է իր Մանիֆեստի գաղափարների տարածումը: Բացի այդ, բանտում արված իր ձեռագիր գրառումներում նա հիշատակել է, որ մտադիր է դիմել ռուս ծայրահեղականներին` «համաեվրոպական ցանց» ձևավորելու համար:
Յորդեի խոսքով` Բրեյվիկը շատ նամակներ է ստանում: Իլի բանտի աշխատակիցները, որտեղ պահվում է նա, ստուգում են նրա անունով ստացվող բոլոր նամակները, դրանք այլ լեզուներից թարգմանվում են նորվեգերեն, որպեսզի դրանց պարունակության մասին հստակ պատկերացում լինի:
Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացը կավարտվի ամռանը: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե դատարանը նրան մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար), իսկ եթե ոչ, ապա ցմահ կուղարկվի հոգեբուժարան:









