ԵՊԼՀ ուսանողների զգալի մասը պահանջում է «կուսխորհուրդը լուծարել և անցկացնել Ուսխորհրդի արտահերթ ընտրություններ»

12:48 • 30.04.12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից կազմված «Ազատ ուսանողների ֆորումը» պահանջում է լուծարել բուհի ուսանողական խարհրդի կազմը և անցկացնել ուսխորհրդի արտահերթ ընտրություններ:


«Քանի որ Ուսխորհուրդը դարձել է կուսխորհուրդ և այն չի ծառայում ուսանողության շահերին, ուսանողության զգալի մեծամասնությունը դեմ է այդ կազմով Ուսխորհրդին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ ուսանողների ֆորումի» անդամ բուհի ուսանող Նարեկ Սամսոնյանը և ավելացրեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իրենք անց են կացնում ստորագրահավաք:

 

Նա նշեց, որ օրենքի սահմաններում իրականացրած իրենց գործողություններն արդեն իսկ ԵՊԼՀ Ուսխորհրդի անդամները փորձել են խոչընդոտել: «Նրանք փորձել են խլել մեր «Ազատ ուսանողների ֆորումի» մասնակիցներից մեկի ձեռքից ստորագրությունների ցուցակը, բայց տղաները թույլ չեն տվել նման բան լինի»,- ասաց նա և նշեց, թե եղած քաշքշուկից հետո կանչել են Գայանե Գասպարյանին (ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար), ով «զարմացել է Ուսխորհրդի նման գործողություններից և թույլ չի տվել նրանց խոչընդոտել»:

 

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ստորագրահավաքը շարունակվում է, իսկ պահաջի տակ իրենց ստորագրություններն են դրել ավելի քան 1 700 բրյուսովցի: «Քանի որ մենք արդեն իսկ ունենք 50+1 մասը, դա նշանակում է, որ արդեն իսկ կարող ենք լուծարել ուսխորհուրդը և անցկացնել արտահերթ ընտրություններ»,-ասաց նա և հավելեց, որ ստորագրությունները կներկայացնեն բուհի ռեկտորին:

 

Թե որ մի ռեկտորի մասին է խոսքը՝ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ իրենց ռեկտորը Սուրեն Զոլյանն է, ուստի հենց նրան էլ կներկայացնեն, սակայն նա նկատեց, որ անհրաժեշտության դեպքում այն կներկայացնեն նաև մյուս բոլոր իրավասու անձանց: