Հայաստանում նվազել են մանկական մահացությունները, սակայն մինչև 5 տարեկանների 19%–ը թերաճ է
Հայաստանում նվազել են մանկական մահացության դեպքերը, սակայն մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կատարած «Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության Հարցերի Հետազոտության–2010» (ՀԺԱՀ-2010) հետազոտության արդյունքներից։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրությունից, հետազոտության արդյունքում պարզվել է, որ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր:
ՀԺԱՀ-2010-ի արդյունքներով, 2005-2010թթ-ի ընթացքում մանկական մահացության ցուցանիշները նվազել են` 26 մահից մինչև 13 մահ` 1000 կենդանածնի հաշվով:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումները ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005թ-ի 74 տոկոս ցուցանիշից մինչև 87 տոկոս 2010թ-ին:
Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005թթ, այնպես էլ 2010թ-ին կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008թ-ի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստել է շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչև 2008թ. հուլիսի 1-ը` 82.4%, իսկ 2008թ-ից հետո` 7.9%):
ՀԺԱՀ ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID Armenia): Ծրագրին աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNFPA) և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը (UNAIDS):









