Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Խրիստաս Մալիկկիդիսը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը:
Ըստ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը և հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ապրիլի 29-ից և այցը կշարունակվի մինչև մայիսի 2-ը։
Այսօր Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների ռազմաքաղաքական ամուր կապերը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները:
Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Կիպրոսը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ և միատեսակ մարտահրավերներ, միջազգային հարաբերությունների շրջանակներում կարևոր դեր ունեն կատարելու և գործում են փոխհամաձայնեցված:









