Գյումրիում անապահով ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում (տեսանյութ)

17:02 • 30.04.12

Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են …

 

«Շիրակ կենտրոն»–ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում անապահով ընտանիքները վարձով են ապրում նույնիսկ տնակներում։

Ըստ կենտրոնի՝ խոսքը, մասնավորապես, երեք մանկահասակ երեխաների հետ Գյումրու կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ և խարխուլ տնակում վարձով բնակվող միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանի մասին է։

 

Գոհար Հովհաննիսյանի հետ զրույցում «Շիրակ կենտրոն»–ը պարզել է, որ ընտանիքը նախկինում բնակվել է վթարային շենքում, որը օր օրի առավել վտանգավոր է դարձել բնակության համար, և որոշել են դուրս գալ այդ կիսափլված բնակարանից ու վարձակալել են տնակ:

 

Քանի որ նրանց բնակարանը երկրաշարժի հետևանքով ամբողջովին չի փլվել, հետևաբար նրանք բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն:

Կենտրոնը նաև հիշեցնում է, որ ներկայում Գյումրիում 88 վթարային բազմաբնակարանային շենքեր և տասնյակ տներ կան: Ընդ որում, այդ բնակելիներից շատերը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն և բնակության համար պիտանի չեն կամ խիստ վտանգավոր են:

 

Այդ շենքերի մոտ 7500 բնակիչների բնակարաններով ապահովելու խնդիրը ևս մնում է չլուծված և այդ ընտանիքներին պետության կողմից բնակարանով ապահովելու որևէ ծրագիր դեռևս չկա:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում.