Լավ կլիներ, եթե ջազն ակումբներից տեղափոխվեր համերգասրահներ. Մարտին Վարդազարյան
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը կարծում է, որ Հայաստանում կան շատ բարձր կատարողական ունեցող ջազային արվեստի առաջատար դեմքեր, որոնք ելույթ են ունենում ակումբներում, սրճարաններում, սակայն, ըստ կոմպոզիտորի, ավելի լավ կլիներ, եթե նրանք հանդես գային համերգասրահներում։
«Ավելի լավ կլիներ, որ համերգասրահները լեցուն լինեին ունկնդիրներով, քան սրճարաններն ու որոշ ջազային ակումբներ: Սա էլ լավ է, ես չեմ ասում դա վատ է, բայց ավելի լավ կլիներ համերգային սրահներ լինեին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մ.Վարդազարյանը:
Մաեստրոյի կարծիքով ակումբներում, սրճարաններում հնչող ջազը, փաստորեն, փոքր շրջանակների համար է նախատեսված: Միաժամանակ, նա կարծում է, որ ջազի դրսևորման և տարածման հարցում արգելքներ չկան: Կոմպոզիտորը համաձայնեց այն մտքի հետ, որ հեռուստատեսությամբ քիչ է հնչում ջազային երաժշտություն, հետևաբար, համարում է, որ պետք է հեռուստատեսությամբ ջազի վերաբերյալ առանձին՝ օրերով և ժամերով հնչող, հաղորդումներ լինեն: Այս կերպ ջազը կճանաչվի, կսերմանվի հասարակության մեջ:
Կրկին անդրադառնալով հայկական ջազային կատարումներին, կոմպոզիտորը նկատեց, որ այսօրվա ջազային կատարումների մակարդակը բարձր է, պատահական չէ, որ արտերկրում մեր ջազմեններին բարձր են գնահատում։
«Ջազային կատարողական մակարդակը բավականին բարձր է, և այն ծավալը, որ կա, իսկապես արժանի է գնահատականի: Պատահական չէ, որ ArtVoices-ը Ռումինիայում արժանացավ բարձրագույն գնահատականի, հաջողությամբ են հանես գալիս «Կատուներ»-ը՝ Վահագն Հայրապետյանի ղեկավարությամբ, Տիգրան Համասյանը բարձր վարկանիշով է ներկայացվում Mecco երաժշտական հաղորդումների ծրագրում»,- տեղեկացրեց Մարտին Վարդազարյանը:
Ջազային երաժշտության սիրահարների թվում, կոմպոզիտորի խոսքով, ավելի շատ նրանք են, ովքեր այս կամ այն կերպ առնչվել և շարունակում են առնչվել այդ երաժշտական ոճի հետ:
«Նրանք տարեցներն են, ովքեր ունեն իրենց կայուն ճաշակը, մոտեցումները: Հաճելի է նշել, որ երիտասարդների մեջ նույնպես կա մեծ հետաքրքրություն, և կա բարձր կատարողական ներուժ, ուղղակի հարկավոր է այն ճիշտ օգտագործել»,- ասաց մաեստրո Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ջազի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կասկադում 20:00-ից հայ ջազմենները ջազային կատարումներով հանդես կգան:
2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 36-րդ նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի սկսած 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:










