Բնապահպան ակտիվիստները քայլերթ են կազմակերպել
Մաշտոցի այգում կրպակների դեմ պայքարող բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան դեռ շարունակվում է. այսօր երիտասարդները «Ապամոնտաժում՝ առանց բուծիկի հանրային գոտի» և նմանատիպ բովանադակությամբ ցուցապաստառներով Երևանի գլխավոր փողոցներով քայլերթ են անցկացրել։
Ակտիվիստներից Գոռ Հակոբյանը Tert.am-ին հայտնեց, որ կազմակերպել նաև երեկ այգում տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նկարների ցուցադրություն:
«Նկարներում ցույց ենք տալիս, որ ոստիկանությունը՝ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հետ միասին, ուժ են գործադրում մեր նկատմամբ: Նկարներից մեկում պարզ երևում է, թե անձամբ Կարեն Մովսիսյանն ինչպես է խեղդում ակտիվիստներից մեկին»,- ասաց Հակոբյանը։
Ակտիվիստը նաև ընդգծեց, որ իրենց նկատմամբ իրականացված «ոչ իրավաչափ գործողությունները» ղեկավարվել են փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի և Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի կողմից:
Բնապահպան ակտիվիստը տեղեկացրեց, որ ժամանակավորապես հրաժարվել են շուրջօրյա ակցիա անցկացնելուց.«Կանցկացնենք, երբ կարողանանք վրան տեղադրել: Վրանը մեզ համար խաղաղ նստացույցի սիմվոլ է»:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության ու բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպն սկսվեց այն պահին, երբ վերջիններս այգում վրան էին տեղադրում:
Գոռ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ երեկվա միջադեպի հետևանքով տուժած երիտասարդների առողջական վիճակը նորմալ է և որ երիտասարդները ծանր վնասվածքներ չեն ստացել: Հիվանդանոց տեղափոխված Եղյա Ներսիսյանն էլ, ըստ նրա, երեկ դուրս է գրվել և իրեն լավ է զգում:









