Բանակում պետք է վերականգնվեն ռազմապարերը. Գագիկ Գինոսյան

14:05 • 30.04.12

«Կարին» ազգագրական պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ բանակում պետք է վերականգնել ռազմապարերը:

Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ դրանք շատ կարևոր են ռազմական ոգու ձևավորման առումով:

 

«Պարային այդ ոճը մենք, ցավոք սրտի, չենք հասկանում, որ պետք է մտնի բանակ, որովհետև հազարամյակներ շարունակ հայ զինվորի դաստիարակության անբաժանելի մասն է եղել ռազմապարը, որը միանգամից և ոգի է ներշնչում և ճարպկություն և պատրաստում զենքը կիրառելու, 4-5 ասպեկտով պատրաստում է զինվոր»,- ասաց նա։

 

Գինոսյանը նշեց, որ Շուշիում ազատագրման 20 ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ժամանակ համույթը ներկայացնելու է նաև ռազմապարեր: Նրա խոսքով դրանք առաջին անգամ ներկայացվել են այս տարվա փետրվարին՝ խմբի տասնամյակին նվիրված համերգի ժամանակ: Գինոսյանի կարծիքով բանակն ու ռազմապարերն անբաժան են, ինչը ցույց է տվել նաև պատմությունը։

 

«Այս ամենը պիտի հայ զինվորի դաստիարակության անբաժանելի մասը լինի: Այդ ոգին էր, որ մեկ դար առաջ Սասունում էր աշխատում, հետո Նժդեհի հետ Սյունիքում էր աշխատում: Կարծում եմ բոլորս ենք ականատես եղել, որ Շուշիի ազատագրման ժամանակ հայերը և՛ քոչարի էին պարում և՛ յարխուշտա»,- նկատեց Գինոսյանը: