ՄԱԿ-ի սիրիական առաքելության ղեկավարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
Ապրիլի 29-ին Սիրիա ժամանած ՄԱԿ-ի Սիրիայի առաքելության ղեկավարը` նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը, այդ երկրի կառավարական ուժերին և զինված ընդդիմությանը կոչ է արել «դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և ճանապարհ բաց անել քաղաքական կարգավորման համար, հայտնում է Al Jazeera-ն:
Մուդի խոսքով, որը պետք է հետևի Սիրիայում հրադադարի գործընթացին, իր հետ եկած ՄԱԿ-ի 300 սպաները «չեն կարողանա լուծել սիրիական բոլոր խնդիրները»:
Ըստ որոշ ԶԼՄ-ների` միևնույն ժամանակ սիրիական բանակը հատուկ գործողություն է իրականացնում` ուղղված թուրքական սահմանին ապստամբների խմբավորման վերացմանը:
Շարունակվում են բախումները նաև Ջիսր ալ-Շուհուր քաղաքից հյուսիս, ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա, որը Սիրիայի առափնյա շրջանը կապում է երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հետ:
Դիմադրության օջախներ են ճնշվում նաև Սիրիա-Լիբանան սահմանին` Ալ Կույսերում և Ջուսիայում:









