Նալբանդյանը Ահմադինեժադի հետ քննարկել է համատեղ իրականացվող տնտեսական ծրագրեր
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Իրանում, հանդիպել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել տնտեսական ծրագրեր։
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապ վարչության տարածած հաղորդագրության՝ Նալբանդյանը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախագահ Ահմադինեժադն իր հերթին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:
Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը:
Թեհրանում կայացել են նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սալեհին նշել է, որ շատ ջերմ հիշողություններ է պահպանում Երևան կատարած այցից և ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն է հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել, որ վերջին չորս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և այլ տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երկու տասնյակ հանդիպում Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև:
Երկուստեք նշվել է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու բարձր ղեկավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ս.թ. ամռանը Երևանում:
Անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը՝ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր փոխանակվել իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Բանակցությունների հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ այդ կապակցությամբ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել, միաժամանակ, հույս հայտնել, որ այն ոչ միայն կպահպանվի, այլև կամրապնդվի մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:
Հայաստանի արտգործնախարարն իրանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս:
Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի նախարար Ալի Աքբար Սալեհին պաշտոնական ճաշ է տրվել ԱԳՆ-ում:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հյուրընկալվել է նաև Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Նախարար Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաև հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցությանը:
ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրել է միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները և բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և համայնքային կառույցների ղեկավարների հետ:









