Ադրբեջանցի իրավապաշտպան լրագրողուհին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մրցանակի է արժանացել
Ադրբեջանցի իրավապաշտպան և լրագրող Մալախատ Նասիբովան «Տպագրության ազատության գինը» (Pressfrihetspris) մրցանակ կստանա, որը տրամադրվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության շվեդական բաժանմունքի կողմից, հաղորդում է SVT գործակալությունը:
Նման մրցանակ է տրվում Նասիբովային այն բանի համար, որ նա արիաբար շարունակում է պայքարը տպագրության և արտահայտման ազատության համար, ինչպես նաև Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Մրցանակաբշխության արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրը:
Մալախատ Նասիբովան Turan գործակալության թղթակից է, ինչպես նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության «Ազատություն ռադիոկայանի» տարածքային թղթակիցը:
Լրագրողը նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության մարդու իրավունքների և ժողովրդավարության հանրապետական կենտրոնի ղեկավարն է: Մալախատ Նասիբովան և իր ամուսինը` Իլյարը, բազմիցս ձերբակալվել են, դատական ատյանների առջև են կանգնեցվել և հաշվեհարդարի սպառնալիքներ են ստացել:
Նասիբովան 2009թ. նորվեգական Rafto հիմնադրամի մրցանակն է ստացել Նախիջևանում մարդու իրավունքների պաշտպանության համար:
Մալախատ Նասիբովան միակ ադրբեջանցի լրագրողը չէ, որ այս տարի միջազգային մրցանակների է արժանանում:
Ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլլաևը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Գիլիերմո Կանոյի մրցանակի էր արժանացել` տպագրության ազատության մեջ ունեցած ներդրումի համար:
Հիշեցնենք, որ Ֆաթուլլաևը բազմիցս հետապնդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից` ճշմարիտ տեղեկատվություն հրապարակելու պատճառով: Լրագրողը այն եզակի ադրբեջանցիներից է, ով համարձակվել է հրապարակային խոսել Խոջալուում տեղի ունեցած սպանությունների մեջ ադրբեջանական կողմի մեղավորության մասին:
Ֆաթուլլաևը գրել է, որ ադրբեջանական զինված ուժերի մեղքով են նաև մահացել խաղաղ բնակիչները:
Ֆաթուլլաևը, ում գործունեությունը բարձր է գնահատվում միջազգային հանրության կողմից, երկու անգամ դատապարտվել է Ադրբեջանում:
Լրագրողը ազատ էր արձակվել նախագահի հրամանով միայն 2011թ. 4 տարի բանտում անցկացնելուց հետո: Նա մեղադրվում էր ազգամիջյան և կրոնական թշնամություն հրահրելու և վարկաբեկման մեջ:









