Իսրայելը մայրաքաղաք չունի՞. Լոնդոնի օլիմպիադայի կայքը սկանդալ է հասունացնում
Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքի շուրջ սկանդալ է հասունանում, հայտնում է MIGnews-ը: Կայքի այցելուներին զարմացրել է այն փաստը, որ կայքի Իսրայելի էջի «Մայրաքաղաք» բաժինը դատարկ է: Մասնավորապես` բոլոր պարբերությունները լրացված են եղել, օրինակ` «Բնակչության թվաքանակ»` 7,353,985, «Լեզու»` եբրայերեն, «Հիմն»` Hatikva («Հույս»), իսկ ահա «Մայրաքաղաք» պարբերությունում ոչինչ նշված չի եղել:
Սակայն Պաղեստինի ինքնավարության էջի բոլոր տողերը լրացված են եղել, ավելին` «Մայրաքաղաք» տողում գրված է եղել «Երուսաղեմ»:
Դեռ պարզ չէ` Երուսաղեմը միտումնավո՞ր է անհետացել Իսրայելի էջից, թե՞ պատահականորեն, սակայն սա սկանդալի պատճառ է դարձել: Այցելուների ու Իսրայելի օլիմպիական կոմիտեի` կազմակերպիչներին ուղղված բողոքներց հետո էջում «Երուսաղեմ» բառը գրվել է, սակայն քիչ անց կրկին անհետացել: Իսկ այսօր «Մայրաքաղաք» տողն ընդհանրապես հանվել է բոլոր երկրների էջերից, դրա հետ նաև` «Բնակչության թվաքանակ» ու «Լեզու» բաժինները:









