Լեհաստանում Ադրբեջանի դեսպանը խելագարվել է

14:43 • 30.04.12

Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի (Լեհաստան) ղեկավար Մատեուշ Պիսկորսկին հրավիրվել է Վարշավայում Ադրբեջանի դեսպանատուն` դեսպանի, Ադրբեջանի նախկին վարչապետ Հասան Հասանովի հետ հանդիպման, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը:


Ինչպես հայտնում է թերթը` վկայակոչելով կենտրոնի տարածած հաղորդագրությանը, ադրբեջանական կողմը դուրս է եկել ամենանվազագույն տարրական նորմերից:

 

«Հասանովը պահում էր իրեն այնպես, կարծես նա դեռ վարչապետ է, և ոչ դեսպան, ով «շշպռում է անհնազանդ ենթակային»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

 

Պիսկորսկին «գորգ» էր հրավիրվել միայն այն բանի համար, որ այցելել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ մասնակցել է միջազգային համաժողովի, ինչի համար սպառնացել են նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել:

 

«Լեհաստանի քաղաքացուն, լեհական հողի վրա… Սա արդեն դուրս է բոլոր սահմաններից»,- գրում է թերթը:

 

Դեսպանը, առիթն օգտագործելով, նաև մի շարք հայտարարություններ է արել: Պարզվում է, որ Երևանն ադրբեջանական տարածք է, որը «նվիրվել» է հայկական կողմին, իսկ Ֆրանսիայի քաղաքական էլիտան էլ, որն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, հայերի կողմից «գնված ու կոռումպացված է» և այլն:

 

«Միանգամից երևում է, որ Հասանովը խելագարվել է, քանի որ առողջ դիվանագետն իրեն նման բան թույլ չէր տա ասել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պիսկորսկին էլ, անակնկալի գալով, հարցրել է դիվանագետին.«Եթե Երևանն ադրբեջանական տարածք է, ապա ո՞ւր գնան հայերը»: «Ուր ուզում են, օրինակ` թող գան Լեհաստան»,- պատասխանել է ադրբեջանցի դեսպանը:

 

Այդ ժամանակ Պիսկորսկին խնդրել է իր ղեկավարած կենտրոնին փոխանցել «նման տեսակետը» հիմնավորող փաստաթղթեր, ինչը, իհարկե, դեսպանը չի արել` խորհուրդ տալով գիտնականին «ինքնաքննադատությամբ զբաղվել»:

 

«Հետաքրքրիր է, նման դեպք դիվանագիտության պատմության մեջ եղե՞լ է, թե՞ սա հերթական ադրբեջանական նոու- հաու-ն է»,- եզրափակում է թերթը: