Սերժ Սարգսյանն այցելեց «Մանանա Գրեյն» համակցված կերերի գործարան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղավ Եղվարդի` «Մանանա Գրեյն» համակցված կերերի գործարանում և ծանոթացավ ընկերության աշխատանքներին ու հետագա ծրագրերին:
Համակցված կերերի գործարանը «Մանանա Գրեյն» ընկերությունը ձեռք է բերել 2010թ., իսկ մինչ այդ գործարանը չի աշխատել և համալրված է եղել խորհրդային տարիների` այլևս բարոյապես ու ֆիզիկապես մաշված սարքավորումներով:
Նախորդ երկու տարիների ընթացքում «Մանանա Գրեյն»-ը կատարել է տեխնոլոգիական վերազինում, համակցված կերերի արտադրությունը գրեթե ամբողջությամբ իրականացվում է համակարգչային կառավարմամբ: Երկու ամսից կգործի նաև ձավարեղենի արտադրություն։
Արտադրամասում արդեն գործում են 18.000 տոննա տարողությամբ հացահատիկային կուլտուրաների պահեստները։ Նախատեսվում է նաև տեղադրել ժամանակակից սերմնակայան: Հիմնվել է ձկան կերերի արտադրություն, ընկերությունը նախատեսում է ստեղծել նաև մակարոնեղենի արտադրություն:
«Մանանա Գրեյն» ընկերությունը նախատեսում է իր հումքին մոտ այլ գործարաններում ստեղծել նաև անասնապահության մեջ օգտագործվող կալցիումից և եղեգից ստացվող խոտալյուրի արտադրություն:
Նշված ծրագրի իրագործման դեպքում խոտալյուրի հումքի մատակարարներ կդառնան Երասխ գյուղի բնակիչները, իսկ այժմ Եղվարդի համակցված կերերի գործարանում աշխատում է 80 մարդ՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով:









