Զարմանում եմ, թե ինչպե՞ս են քարոզարշավին գոռում, թե կեռապատկեն թոշակները. Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը զարմանում է, թե ինչպե՞ս են քաղաքական ուժերը քարոզարշավին գոռում, թե եռապատկելու են թոշակները կամ կրկնապատկելու են աշխատավարձերը:
«Եթե այդ հնարավորությունը կար, ինչո՞ւ այդ դեպքում չէին անում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հարցրեց բանաստեղծը, ով այն կարծիքին է, որ առավելագույնը, ինչ կարող են անել իշխանությունները՝ անում են, դեռ մի բան էլ ավելին:
Ռազմիկ Դավոյանը գոհ է, հատկապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից. «Իշխող ուժը կարողացել է ստեղծել ծանրարակշիռ քաղաքականություն: Նախագահը սթափ, հավասարակշիռ, խիզախ քաղաքական գործիչ է»:
Ապա նկատեց, թե հակված չէ կարծելու, որ գանձարանում ամեն ինչ թափված է և իշխանությունները չեն ուզում այն ժողովրդին բաժանել, բայց նաև չի հերքում, որ մեղքի իր բաժինը ևս ունի իշխանությունը:
«Այո՛, կա ստվերային տնտեսություն, կա թալան, կա կողոպուտ, կա գողություն, ժողովրդի շահերը հաշվի չառնող օլիգարխների կողմից, այդ բոլորը կան, և ահա այս «զորավորները» խոստանում են, որ գան՝ կփոխեն: Այդպիսի բան անհնար է»,– նկատեց նա:
Ռ. Դավոյանը փոփոխությունների կողմնակից չէ և կարծում է, որ հակառակ դեպքում օլիգարխներն էլ իրենց ունեցվածով կթողնեն, կլքեն այս երկիրը։
«Եթե մի քանի աշխատատեղեր կան, որ աշխատում է այս կամ այն օլիգարխի համակարգում, դրանք էլ կվերանան, քանի որ նրանք իրենց ունեցվածքով կփախչեն Հայաստանից»,- իր մտավախությունը հայտնեց Դավոյանը:
Բանաստեղծը նկատեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերի մեջ էլ կարողունակ անհատների տեսնում է, սակայն միջազգային ասպարեզում, ներկայիս նախագահից լավ, ըստ նրա, ոչ ոք չի կարող Հայաստան երկրի վարկը պահպանել:
«Ապագան տեսնում եմ իշխող կուսակցության հետ: Իսկ նրանք, ովքեր ԱԺ չկարողացան մտնել, ապա նրանց պետք է պեղել, գտնել ու ներգրավել համապատասխան աշխատանքներում՝ հայ ժողովրդի համար»,- եզրափակեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:









