Սխալ վերնագրի պատճառով «Ռոյթերս»-ի հատուկ թղթակիցը Թեհրանում դատարանի առջև կկանգնի

20:27 • 30.04.12

Աշխարհահռչակ «Ռոյթերս» լրատվական գործակալության Իրանի մասնաճյուղի հատուկ թղթակից Պարիսա Հաֆեզին Թեհրանում կկանգնի դատարանի առջև, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:

Հաֆեզին մեղադրվում է իր նոր հոդվածը սխալ վերնագրելու մեջ: Բանն այն է, որ լրագրողը, անդրադառնալով Իրանի ռազմարվեստ ուսումնասիրող կանանց, նրանց բնութագրել է իբրև վարձու մարդասպանների:

Մասնավորապես` ողջ աշխարհով տարածված հոդվածն անվանվել է. «Հազարավոր իրանցի կին-նինձաները մարզվում են, որպեսզի դառնան վարձու մարդասպաններ»: Ավելի ուշ այս վերնագիրը վերափոխվել է. «3 հազար կին-նինձաները մարզվում են Իրանում»:

Չնայած որ գործակալությունը անմիջապես ուղղել է սխալը, այնուամենայնիվ, Իրանի Մշակույթի նախարարությունը դիմել է դատարան, ինչպես նաև զրկել է լրագրողին հավատարմագրից:

Նշենք, որ «Ռոյթերս»-ի գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերն ավելի վաղ խոստովանել է իրենց սխալը՝ այն անվանելով «շատ լուրջ միջադեպ»: Նա նաև հավելել է, որ գործակալության ներսում այս հոդվածի առթիվ հատուկ ստուգում է իրականցվել: Ադլերը խոստացել է այլևս թույլ չտալ նմանատիպ սխալներ: