Սարկոզին մտադիր է դատի տալ «շինծու» Mediapart-ին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է դատի տալ Mediapart ինտերնետ- պորտալին, որը մարտին մի փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի` 2007 թ.-ին, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին ֆինանսապես աջակցել է նախագահի թեկնածու Սարկոզիին, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Այդ փաստաթուղթը շինծու է»,- հայտարարել է նախագահը:
Ինչպես մարտին հաղորդել էր Tert.am-ը, ինտերնետ- պորտալը մի փաստաթուղթ էր տարածել, համաձայն որի` լիբիական ռեժիմը Ֆրանսիայի այն ժամանակ նախագահի թեկնածու Սարկոզիին է փոխանցել 50 մլն եվրո` նախընտրական ծախսերը հոգալու համար: Մասնավորապես` փաստաթղթում ասվում է, որ ֆինանսավորման բանակցությունները վարել են Կադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամի ու ոմն ZT, ով, լիբիական ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիադ Թաքիեդինն է:
Մեկ տարի առաջ Սեյֆ ալ-Իսլամը պահանջել է նախագահ ընտրված Սարկոզիից վերադարձնել գումարը: Նա ասել է, որ լիբիական իշխանություններն ունեն բոլոր ապացույցները, այդ թվում` բանկային հաշվեհամարներ ու բանկային փոխանցումները:
Ավելի վաղ Ֆրանսուա Միտերանի նախկին խորհրդական Աննա Լովերժոնը մեղադրել է Սարկոզիին ատոմային ռեակտորը Մուամար Կադաֆիին վաճառելու փորձերի մեջ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ ու վճռորոշ փուլին մնացել են հաշված օրեր: Մայիսի 6-ին նախագահական աթոռի համար կպայքարեն սոցիալիստ Ֆրանսու Օլանդն ու գործող նախագահ Նիկոլա Սարկոզին: Ապրիլի 22-ին անցկացված ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` Սարկոզին 27,18% ձայնով զիջել էր 28,63% քվե հավաքած Օլանդին:









