Ավանում խոչընդոտել են Ստեփան Սաֆարյանի քարոզարշավը

20:36 • 30.04.12

Այսօր Ավան թաղամասում խոչընդոտել են «Ժառանգություն» կուսակցության կողմից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստեփան Սաֆարյանի նախընտրական քարոզարշավը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորի թեկնածուն այս մասին ահազանգը ստացել է մոտ ժամը 13:00-ին և անմիջապես մեկնել այնտեղ:

 

«Կանանցից մեկը, որի անումը Նառա էր, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատակիցներից էր: Նա հավաքում էր մեր բուկլետները և գոռում՝ «Սա մեր թաղն է, այստեղ որևէ մեկը անելիք չունի»: Այնուհետև, ինձ մոտեցան ՀՀԿ շտաբի ներկայացուցիչներ և խորհուրդ տվեցին չշարունակել քարոզարշավը, բայց ես ասացի, որ դա իմ պարտականությունն է»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ քարոզարշավը իրականացնող ակտիվիստները միջադեպից հետո շարունակել են իրենց աշխատանքը, երբ կրկին ահազանգ է ստացվել բնակիչներից մեկից, թե Ստեփան Սաֆարյանի թիմին նեղում են 30-ից ավել մարդ: «Նրանք վիրավորական խոսքեր էին ուղղում մեր հասցեին: Կանանցից մեկն էլ ասաց, թե «բանդայիդ հավաքիր ու այստեղից գնա»: Այդ կինը այդպես էլ չցանկացավ ներկայանալ»,-պատմեց Ստեփան Սաֆարյանը և նշեց, որ այս միջադեպերից հետո ինքը զանգել է ոստիկանություն, ինչը իրենց աշխատանքը խոչընդոտող անձիք տեսնելով ուղղակի ճողոպրել են:

 

Միջադեպի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները ցուցմունքներ են վերցրել Ստեփան Սաֆարյանից և նրա լիազորված անձից:

 

Tert.am-ի հարցին, թե արդյոք ինքը որևէ դիտավորություն տեսնում է կատարվածի մեջ, պատասխանեց. «Մեր ակտիվիստները շրջել են 6-ից 3-րդ փողոցներում, որտեղ ՀՀԿ-ի բազմաթիվ շտաբեր կան: Եթե նրանք հավաքվում են մի խաչմերուկում և հարձակում գործում, չեմ կարծում որ դա ինքնաբուխ է: Միջադեպից հետո որևէ մեկը մեզնից ներողություն չխնդրեց, չասաց, որ իրենք դատապարտում են իմ՝ որպես թեկնածուի իրավունքի խախտումները և չասաց որ իրենք կապ չունեն»,- ասաց նա և տեղեկացրեց, որ միջադեպը ավարտվել է նրանով, որ մի շարք երեխաներ հեծանիվներով բողոքի ակցիա են արել՝ վանկարկելով ՀՀԿ պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանի անունը՝ խանգարելով իրենց նախընտրական քարոզարշավը: