«Տեր ըլլալու խնդիր կա». հարցազրույց «Մեծ մորս դաջվածքների» ռեժիսոր Սյուզան Խարդալյանի հետ
Tert.am-ը Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի հայտնվելուն պես ծավալուն անդրադարձ և հարցազրույց էր ներկայացրել շվեդաբնակ լիբանանահայ կինոռեժիսորի հետ:
Ապրիլի 23-ին Խարդալյանը նաև Հայաստան ժամանեց` աղմուկ հանած ֆիլմի երևանյան պրեմիերայի առիթով և մարզեր ու Արցախ ֆիլմով մեկնելուց առաջ սիրով պատասխանեց նաև Tert.am-ի հարցերին` հերթական անգամ զարմացնելով իր մեծ հմայքի ուժով և առավել քան ինքնատիպ մտածողությամբ:
- Սյուզան, ի՞նչ ընդունելություն գտավ ֆիլմը Հայաստանի հանդիսատեսի շրջանում:
- Քիչ մը կանուխ է ըսելը: Արևմտահայերեն կհասկնաս, չէ՞:
- Այո, ավելին` պաշտում եմ լսել արևմտահայ խոսքը:
- Իսկապե՞ս: Լավ, բնական էր, որ հայ հանդիսատեսը քիչ մը զգացական պիտի ըլլար: Քիչ մը հուսախաբ եմ նաև, որովհետև այն գնահատականը, որը որ կսպասեի, ոչ թե անպայման դրականի մասին է խոսքս, ուղղակի ֆիլմը արժևորելու, վերլուծելու, այդ բանը չտեսա դեռ. թերևս շատ ժամանակ կառնե: Կսպասեի որ մարդիկ ավելի քաջություն ունենային` ըսելու այն, ինչ որ կմտածեն ֆիլմի մասին, այլ ոչ թե միայն բեմ ելել ըսելու` օ, շատ լավ էր, ուրախ եմ...
- Դրա պատճառը, թերևս, այն է, որ տաբու թեմա եք շոշափել, այն էլ` շատ խորքից, ցավոտ կողմերից... Թուրքական կինոփառատոնում մեծ աղմուկով ցուցադրվելուց հետո ֆիլմը «Ոսկե ծիրանում» կամ հայկական այլ կինոփառատոներում ընդգրկվելո՞ւ է:
- Կարծեմ, որ դիմումը եղեր է արդեն, հետո կտեսնենք ինչ կորոշեն:
- Իսկ Ձեր կողմից պայմաններ կա՞ն, որ, օրինակ, պարտադիր մրցութային ծրագրում լինի ֆիլմը:
- Ես այդպես հարցեր չունիմ: Ինծի համար ավելի կարևոր է, որևէ մեկ ֆիլմի պարագային, նույնիսկ ոչ հայկական ֆիլմերու թեմայով, որ մարդիկ տեսնեն. ինծի համար` եթե ֆիլմը այսինչ գյուղի 100 հոգին տեսավ, շատ ավելի կարևոր է և նշանակություն ունի, քան թե ինչ-որ մեկը այստեղ ինծի փրիսթիժի վկայական, թուղթ տվավ: Ֆիլմերս դիալոգի ֆիլմեր են. ես հարց կարծարծեմ և կսպասեմ, որ դիմացինը իր մտածումները արձագանքե: Բոլոր ֆիլմերուս պարագային այդպես է:
Անարդարության մասին է խոսքը, թաբուի մասին է խոսքը: Կուզեի տեսնել, որ շարժում տեղի կունենա: Եթե մրցութային ծրագրի մէջ ըլլայ, բարի, եթե ոչ` նորեն բարի: Հարց չունիմ:
Ինծի համար կարևոր է, որ թեմաները ոչ միայն մտավորականներու շրջանակի մէջ քննարկվի, այլև սովորական մարդիկ սկսին մտածել: Մինչև հիմա մենք կաղապարված ձևով կմտածեինք, կամ մեսաժը, որ հեռուստատեսությունեն կուգա, միշտ նույնն է. կկրկնենք, կծամենք, կհրամցնենք: Այս ֆիլմով` գոնե իմ ճիգս` հիմա հաջողած, թե ձախոսղած, չեմ գիտեր, կը բանէ այս ասպեկտը ցեղասպանության: Իսկապես, եթե քիչ մը փորփրես, տակեն այնքան երեսներ կան: Ժամանակն է, որ արծարծենք:
- Ցեղասպանության տարելիցի եթերը նայելով` ես էլ էի դա մտածում: Կարծում եմ` նաև Ձեր աշխատանքի շնորհիվ մոտեցումները ցավին պետք է «թարմացվեն»` ավելի լուրջ կողմերից դիտարկվեն. թե չէ դա էլ մի տեսակ քարացած-ավանդական է դարձել:
-Ավանդական է այնքանով, որ` վայ ամենավատ բանը պատահած է մեզի հետ: Դե լավ պատահած է, բայց, ի՞նչ կընենք այս ցավի հետ: Ամեն ինչեն մարդ բան մը կսորվի. Դասը, որ կքաղես, քու ապագայի գոյատևման համար կօգտագործես: Այս ցավեն, դժբախտությունեն մենք ի՞նչ դաս քաղեցինք, ինչպիսի՞ դասեր ունինք քաղելու: Եվ ոչ միայն դաս` պետք չէր ոչխարի պես մորթվեցանք. այդ չէ ըսածս: Ըսածս այն է` այդ ցավը մենք քափիթալի վերածենք: Իսկապես դրամագլուխի վերածենք:
-Իսկ դա ինչպե՞ս պետք է արվի ըստ Ձեզ:
- Նախ պետք է մեր պատմությունը համամարդկայինի մասնիկ դարձնենք` բան մը, որ հիմա չենք ըներ. մենք անդադար կը բաժնենք: Կ’ըսենք` հայկականը մերն է, հայկականը տարբեր է, քիչ մը պրովինցիալիզմ կա մոտեցման մեջ: Կարծես մոնոպոլի հարց կա: Ապրիլի 24-ին ժամանակը չէ՞ր, որ բոլորս արծարծեինք, օրինակ, Ռուանդան: Մեկը խոսեր Հոլոքոսթի մասին: Դարֆուրի: Այսօր մեր շուրջը ցեղասպանություններ տեղի կունենան:
Նույն նկարներն էին, մարդիկ արագ-արագ կը վազէին, ծաղիկ կը դնէին... արդիական հագուստ հագցնենք խնդրին, այսպես ըսած:
- Իսկ ի՞նչ հուշումներով հանդիսատեսին կօգնեք ավելի լավ հասկանա Ձեր ֆիլմը:
- Ամեն անգամ, երբ ֆիլմը ցույց կու տամ, նաև օտար շրջանակի մեջ, պահ մը շփոթի վիճակ է. մարդիկ կը մտածեն` լավ հիմա ի՞նչ ընեմ, ի՞նչ ռեակցիա պիտի ցույց տամ: Ըսենք Շվեդիա, եթե պետք է պատահի ցուցադրությունը, 10-15 րոպե մը ես կըրնամ իրենց ցույց տալ, ուղղորդել, անմիջապես մարդիկ կմիանան: Երևանի մէջ ես փորձեցի նույն բանը ընել, բայց հայ մարդը քննական մտքով մոտենալու խնդիր ունի: Եթե մեկեն խնդրես տեսակետ, ինքը անպայման կը մտածէ ինչ-որ վարդագույն ծաղիկներ նվիրէ և գեղեցիկ խոսքեր ըսե, բանաստեղծություն մը գրե քեզի համար. ադ չէ: Եթե ես այնտեղ կըսեմ թրավմայի մասին. ընտանիքի մեջ ինչպես թրավման մեկ սերունդե հաջորդ սերունդ անդադար կը շարունակվի: Ոչ թե մենք բոլորս հիվանդ ենք, ֆիլմի մէջ կը տեսնենք` մեր ընտանիքը կենդանի, առույգ, խնդացող, զվարճացող ընտանիք է, բայց կարմիր թելը կա. բոլորս ալ թրավմայեն կը տառապինք, վերջ ի վերջո: Վերջ ի վերջո, ինչպես տատիկը մարդու չէ գուրգուրած, ֆիզիկական կոնտակտե խուսափած է, հորս չէ գուրգուրած, հայրս ալ երբեք ինծի չէ գուրգուրած: Դե, ատիկա ազդած է իմ վրաս, իմ քույրիկներուս վրա: Վերջ ի վերջո, ձևով մը ադ սիմփթոմները փոխանցված են սերունդե-սերունդ: Հիմա կարելի է այդ մասին խոսիլ. ինչպես թրավման ընտանիքի մեջ կմնա:
Եվ կամ լռությունը, որ դատապարտված է ընտանիքի մեջ այս մասին չխոսիլ` և ոչ թե միայն այս թեմայով: Կարելի է մտածել մեր ընտանիքներու մեջ ինչպիսի նյութեր կան, որոնց մասին մենք չենք ուզեր բարձրաձայնել: Կմտածենք` դե, եթե սուս մնանք, հարցը ինքնաբերաբար կվերանա, կվերջանա: Այդպես չէ: Փաստորեն մենք այսօր այս վիճակի մեջ ենք, որովհետև անդադար հետաձգեր ենք խոսիլը, խորքին երթալը: Միայն առերևույթ ու զգացական եղած է: Ամենէն դյուրինը, գիտեք, ինչ է. հուզվիլ, լալ և վերջանալ: Հետո ըսել` դե լավ, հիմա կերթամ գործիս:
Սյուզանը ասաց նաև, որ իր կարծիքով, մեր ներկայիս հասարակությունը ավելի շատ առաջնորդվում է օսմանյան ժամանակների բարքերով, և դրա ապացույցը հայ հասարակության մեջ առկա վերաբերմունքն է կնոջ նկատմամբ. «Մենք իրացուցած ենք իսլամական արժեքները` բարոյական արժեքներ, որոնք մերը չեն... Ի՞նչ կապ ունին նամուսն ու պատիվը կնոջ իսկական արժեքին հետ: Ինչո՞ւ կընենք բաներ, որ մերը չեն: Օսմանյան հասարակությունեն մնացած բարոյական արժեքներ են, որոնք, թերևս, այդ շրջանին ճիշտ էին. եթե դուն աղջկադ չպաշտպանեիր, պիտի գային տանեին չեմ գիտեր ինչ ընեին: Բայց այսօր պատճառ չունինք ատիկա պահպանելու, այստեղ կամ Լոս Անջելեսի մեջ մեր երեխաները դաստիարակել, սորվեցնել, անուղղակի փոխանցել պատգամ` տղուն, որ դու կրնաս փողոցի քայլող որևէ աղջկա բռնաբարել: Բայց քու աղջկան իրավունք չես տար դուրս ելլել, սինեմա երթալ, օրինակի համար. այս 2 տարօրինակությունները ինչպե՞ս կարելի է իրար մոտ բերել»:
Ըստ հեղինակի` «Ֆիլմը կըրնա այսպիսի ահագին ճամփաներ բանալ. մենք ազգությամբ լռության մեջ ենք այսօր այս հարցին հետ կապված: Կը վախնանք, կամչնանք. մեծ ամոթի հարց կա, որ նորեն կու գա զոհի հոգեբանությունեն: Երբ որ բռնաբարվող կանանց հետ կխոսիս, իրենք, զոհ ըլլալով հանդերձ, հանցավորի բանի մեջ են. կարծես թե իրենք են հանցավոր, որ այդ մարդը եկավ իրենց բռնաբարեց: Հասարակության ակնկալություններուն ռեֆլեքսիոնը,արտացոլումը կա»:
Խարդալյան համաձայնեց, որ սխալ է, երբ հայ հասարակությունը սփյուռքահայ հետաքրքիր գործիչներին ճանաչում է միայն հայկականությանը նվիրված աշխատանքներով, որոնք նրանց ամենալավ գործերը չեն լինում. ասվածի վառ օրինակն է Էգոյանը` իր «Արարատով»: Ասաց, որ 88-ին թողարկած իր «Վերադարձ դեպի Արարատ»-ից հետո արդեն սովոր է թուրքական հիսթերիային և անգամ սպառնալիքներին: «Մեծ մորս դաջվածքներից» հետո Խարդալյանն ու իր դուստրը ևս զերծ չեն մնացել սպառնալիքներից, ստիպված են եղել անգամ մի քանի օրով հեռանալ տանից: Նա նկատեց, որ այս անգամ թուրքերի փոխարեն ավելի ակտիվ են եղել ազերիները:
Հայաստանի հետ իր հարաբերությունները բնորոշեց «հատուկ» բառով` ասելով. «Եթե մենք կհավատանք հայկականության հավաքական ճակատագրին, ապա այն ինչ ունինք այսօր մեկնակետն է»: Ըստ նրա` ցավալիորեն, թե սփյուռքում, թե Հայաստանի ներսում «անպատասխանատու, անխիղճ» վերաբերմունք կա պետականության հանդեպ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մասնագիտական առնչություններին, ապա այս կտրվածքով Սյուզանը ասաց, թե շատ կուզեր նաև այստեղ աշխատել, սակայն աշխարհայացքի տաբերությունները զգացնել են տալիս իրենց: «Քիչ մը շատ խորհրդային միություն կհոտի». ընդգծեց նա: Սակայն նաև լավատեսորեն վստահություն հայտնեց, որ ամեն ինչ փոխվելու է:
Սյուզանը ցանկություն հայտնեց, որ դուդուկը, նուռը և այլ խորհրդանիշեր զուտ «չֆետիշացվեն»:
Խարդալյանը նաև իր ֆիլմի արծարծածի շրջանակներում ցեղասպանության ավելի մեծ, բայց աչքաթող արված վնասներն է առաջարկում նկատի ունենալ. «Ասոնք կըրնան ըլլալ վերջին ֆիլմերը, ուր արևմտահայերենը կհնչե. իրականությունը կսեմ, կորցնելու վրա է, իմ աղջիկս քիչ կխոսի: Կարենայինք այս առիթը օգտագործել, նույնիսկ մեր լեզուն ցեղասպանության կորուստներուն շարքին դասելով`դա դարձնել քաղաքական մեծ խնդիր. ցեղասպանությունը մինակ սպանվածները չեն: Արդյո՞ք Հայաստանը պատասխանատու պիտի չզգա ատոր համար: Եթե Շվեդիո այսինչ գյուղը ինչ-որ խոսվածք ունի, այդ խոսվածքի համար մինչ եվրոպաները ինչ բաներ կընեն պահպանելու համար»:
Իսկ առհասարակ հայության գլխավոր խնդիրը իրենց տեր զգալն է, ինչի մասին նա խոսեց Անիի օրինակով. «Մենք մեզի Անիի տերը չենք զգար. տեր զգալ չի նշանակում դուն վրան ես կամ քու ձեռքիդ տակն է: Անիի տերը թուրքը կը զգայ, որ ինքզինքին իրավունք կուտա ֆոտոմոդելները հավաքել և Vogue-ի ֆոտոսեսիա կազմակերպել: Հրաշալի նկարներ էին: Մենք այդպիսի բան մը ըրա՞ծ ենք»:
Դավիթ Պ. Վարդազարյան










