4 հոգու վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած Վահան Ստեփանյանը կալանավորված է (լուսանկարները, տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր բերվել 59-ամյա Վահան Ստեփանյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը և քննիչ Կարեն Գրիգորյանը միջնորդել էին նշված դատարանին, որ Վ.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք: Դատավոր Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստից հետո անցնելով խորհրդակցալան սենյակ, որոշեց բավարարել քննչական մարմնի միջնորդությունը:
Դատարանի որոշումից հետո Վ.Ստեփանյանը տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 25-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Վահան Ստեփանյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ԼՕ 135 համարանիշի ավտոմեքենան Երևանի Հերացի փողոցում 4 քաղաքացու վրաերթի էր ենթարկել և դիմել էր փախուստի: 4 քաղաքացիներից մեկը՝ 51-ամյա Արևհատ Դավթյանը, հիվանդանոցում մահացել էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









