Արդար ընտրությունների դեպքում Կոմկուսը 10% ձայն է ակնկալում. Վազգեն Սաֆարյան
Եթե ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, ապա Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կկարողանա հավաքել ընտրողների 10% ձայները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ համամասնական ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը:
«Արձանը գնահատում են իր տեսքով, մարդուն՝ գործով: Մենք վիրտուալ կուսակցություն չենք, մենք ունենք անցյալ: Մեր ուժը հենց մեր անցյալի և ապագայում ունենալիք տնտեսական գաղափարների մեջ է»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք ժողովրդին խոստանում են վերադարձնել այն Հայաստանը, որը կար Խորհրդային միության տարիներին:
Վազգեն Սաֆարյանը՝ նախկինում Կոմկուսի խորհրդարան հայտնվելու անհաջող փորձերը որակեց ՀԿԿ-ում տեղի ունեցող ներկուսակցական պառակտումների հետևանք, որի արդյունքում կուսակցությունը թուլացավ և դուրս մնաց օրենսդիրից: Այսօր, ըստ նրա, կուսակցությունը դասեր է քաղել անցյալի սխալներից և միասնաբար է հանդես գալիս, փորձում շտկել իրավիճակը:
Կոմկուսի ներկայացուցիչը նշեց, որ խորհրդարանում հայտնվելու դեպքում իրենք իրենց հետ կբերեն առողջ գաղափարական երկխոսություն, իսկ չհաղթելու դեպքում՝ խորհրդարանում կիշխի ոչ առողջ երկխոսությունն ու իշխանության բաժանումը:
ՀԿԿ-ն իր ամենակարևոր առաքելություններից մեկը համարում է այն, որ պետությունը սահմանադրորեն դառնա մարդու աշխատանքի իրավունքի երաշխավորը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի խոչընդոտներին՝ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ մարզերում վախի մթնոլորտ է տիրում:
«Մարդիկ չեն գալիս հանդիպումներին, տեղական իշխանությունները խանգարում են նրանց ազատ շփմանը կուսակցությունների հետ»:
Խոսելով ընտրացուցակների մասին, ասաց.«Հայաստանում, գուցե, այդքան մարդ գրանցված է, բայց չի ապրում: Մենք այսօր չունենք հաշվարկ, թե որքան մարդ է դարձել այլ երկրի քաղաքացի»։
Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ ինքը չի ընդունում նախընտրական շրջանում միջազգային «Gallup»-երի կողմից իրականացվող սոցիոլոգիական հարցումները: Ըստ նրա՝ դրանք ուղղված են մարդկանց ապակողմնորոշելուն:
Մայիսի 1-ին՝ աշխատավորության միջազգային օրվա առիթով, Հայաստանի Կոմկուսը Սարյանի արձանի հարակից տարածքից շքերթ է կազմակերպելու դեպի Ստեփան Շահումյանի արձանի հարակից տարածք: Այնուհետ, տեղի կունենա հանրահավաք:









