Ազգային պարը մտածողություն է, արժեքային համակարգ. Ռալֆ Յիրիկյան

17:29 • 30.04.12

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է ցուցաբերել իր պատրաստակամ աջակցությունը Պարի միջազգային օրվան նվիրված`«Բարեկամություն» պետական անսամբլի հերթական նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում:


Բազմաժանր պարացանկ, պրոֆեսիոնալ մոտեցում, սեր դեպի արվեստն ու քրտնաջան աշխատանք. այս ամենի համադրման արդյունքում, վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլն արդեն 25 տարի վայելում է հանդիսատեսի համակրանքը:


2008թ.-ին վաստակավոր կոլեկտիվի կոչմանն արժանացած համույթը հասցրել է նվաճել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հանդիսատեսի համակրանքը: Անսամբլն իր կատարումներով հանդես է եկել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի և այլ երկրների բեմերում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը խրախուսում է հայկական ազգային պարը ներկայացնելու համույթի տաղանդն ու պարարվեստին անմնացորդ նվիրումը:


«Ազգային պարը մտածողություն է. արժեքային համակարգ: Պարել որևէ ազգի պար, նշանակում է կերտել համապատասխան ազգային կերպար:


«Բարեկամությանը» հաջողվել է մարմնավորել բերդի պես ամուր ու հաստատակամ հայորդուն և թավիշի պես նուրբ ու գեղանի հայուհուն: Աշխարհի տարբեր բեմերում մեր դարավոր արվեստի ճյուղերից մեկը ներկայացրած և հանդիսատեսի ծափեր վաստակած խումբը, անկախ ժամանակների փոփոխությունից, շարունակում է պահանջված և սիրված մնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է արվեստի «դեսպանների» գործունեությունը` հայի ինքնությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և հայ մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա: «Բարեկամություն» համույթն ավելի քան չորս ամիս ներգրավված է եղել «Սպարտակ» բալետի բեմադրման աշխատանքներում և շարունակում է մասնակցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներում: