Ողջունում եմ ՀՀ նախագահի քայլը. Անահիտ Բախշյան

17:47 • 01.05.12

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժելու մասին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տրված հրահանգը:


«Դա քաղաքացիական հասարակության հաղթանակն է։ Ես շնորհավորում եմ բոլորին, այդ թվում և հանրապետության նախագահին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սերժ Սարգսյանի այցելությունը Մաշտոցի այգի և կրպակներն ապամոնտաժելու մասին հրահանգը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր Մաշտոցի պուրակ, տեղում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել իր դիտարկումները պուրակի հետ կապված, ապա հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները:


«… իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: Երկու–երեք տարի այս պատկերը չի կարող մեր աչքը շոյել, իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,- մասնավորապես ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:


Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվելուց հետո հայտարարել է, որ Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժվելու և հանձնվելու են բնակիչներին: Սակայն, կրպակներն Աբովյան փողոցից ապամոնտաժվելուց հետո տեղադրվեցին Երևանի Մաշտոցի պողոտային կից այգի՝ Մարգարյան ծննդատան հարևանությամբ, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց բնապահպան ակտիվիստների և հասարակության տարբեր շերտերի մոտ: Մաշտոցի այգում կրպակների ապամոնտաժման համար պայքարում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ արվեստագետները, և թե՛ գիտնականները:


Այգու ապամոնտաժման համար Մաշտոցի այգի են այցելել դերասաններ Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «ժառանգություն» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչներ:


Ավելի ուշ ստեղծվեց կրպակների ապամոնտաժման բրիգադը, իսկ այսօր արդեն հարցը կարգավորվեց ՀՀ նախագահի՝ Մաշտոցի այգի այցելությամբ: