Սիրտդ երկու մասի է բաժանվում. Ավետ Բարսեղյան
-Ավետ, երեկ «Հայսուպերսթար 5»-ի եզրափակիչ դուրս եկած հաղթողի անունը տալուց առաջ այպիսի տպավորություն էր, որ Արամ MP3-ի համար մարդկայնորեն շատ դժվար էր: Մանավանդ այն դեպքում, երբ վերջում մնում են ուժեղագույններն ու տաղանդավորները: Դու՝ որպես նախորդ՝ չորրորդ «Հայսուպերսթար» նախագծի վարող, երևի եղել ես նույն իրավիճակում:
-Երեկ ականատեսը եղա՝ ինչ դժվար գործընթաց է: Այո, չորրորդ «Հայսուպերսթար»-ի ժամանակ ես եմ հայտարարել, ու բավական հակասական ու դժվար էր: Հատկապես վերջին պահը: Նաև շոուի ժանրը պահանջում է, որ հաղթողի անունը արագ չասվի, մի փոքր էլ ինտրիգը պահվի: Ու երեկ ես կողքից էի նայում ու համոզվում, թե ինչքան դժվար աշխատանք է: Բնականաբար, հուզմունք, բնականաբար, սիրտդ երկու մասի է բաժանվում, որովհետև 12-ը չէ, բայց երբ երկուսն են մնում, դառնում են բացարձակ հավասարազոր այդ երեխաների ապրումները քեզ համար, և ինքդ էլ քեզ ես նույնականացնում իրենց վիճակի հետ: Չնայած որ շոուի կանոնները, իսկապես, պահանջում են, որ դա մի փոքր ձգձգված արվի և հետաքրքիր: Ասեմ, որ վարելու ու վերջին պահը վարելու միջև տարբերությունը շատ մեծ է, ու պրոֆեսիոնալիզմի ու մարդկային գործոնի սահմանագծում է:
- Այնուամենայնիվ, երեկ նրանք չէին դիմանում, երբ Արամը շատ էր ձգձգում հաղթողի անունը արտաբերելը , մասնակից Սոնան անգամ դեմքի արտահայտությամբ ցույց տվեց:
-Ըստ իս, ամեն ինչ օրինաչափ է, ինչ տեղի է ունենում՝ և՛ երեխաների հուզմունքը, և՛ Արամի ձգձգելը: Դեռ ժողովրդի և մասնակիցների բախտը բերել է, որ ես չէի վերջում, որովհետև ես շատ ավելի կձգեի:
-Հայաստանում ունենք հասարակություն, որը հակված է ամեն ինչում ոչ լեգիտիմություն տեսնել: Հիշում եմ Րաֆֆիի հետ կապված ինչ-ինչ դժգոհություններ, առաջին «Հայսուպերսթար» Աննա Ավետյանի դեպքում նույնիսկ ցույցեր եղան, դուրս եկան փողոց: Ինչ եք կարծում. ինչո՞ւ է այդպես, և այս անգամ էլ նման դժգոհություններ չհնչեցի՞ն:
-Յուրաքանչյուր բան, որը կապված է ընտրությունների հետ՝ անկախ նրանից՝ քաղաքակա՞ն դաշտն է, թե՞ արվեստինը՝ երգարվեստ, պար, դուդուկ: Բնական գործընթաց է. մի կողմը հաղթում է, մյուս կողմը՝ բողոքարկում: Փառք Աստծո, 5-րդ «Հայսուպերսթարը» իսկապես աչքի ընկավ այդ ամեն ինչի բացակայությամբ, և մասնակից Երվանդ Մաթևոսյանի կողմը ցույցի չվերածեց շոուն: Ավելին՝ երեկ միասին մենք Սոնայենց տանը նշում էինք երկուսի հաղթանակը, և երեխաները հոգեբանական հրաշալի վիճակում էին:
-Երեկ «Շանթի» ստուդիայում երգեց նաև նախորդ նախագծի եզրափակչում հաղթած Րաֆֆիի հետ մրցող Սուրենը, և հայտարարվեց, որ մրցանակը «աստղ» դառնալու համար է, իսկ առհասարակ տաղանդավոր մարդն իր համար ճանապարհ է հարթում: Այս նախաբանը հասկանալի է, սակայն նշեմ, որ առաջին «Հայսուպերսթարի» Աննան, ով, ըստ մասնագետների և հանդիսատեսի փայլուն տվյալներ ուներ և խոստանում էր «փայլող աստղ» դառնալ, մի տեսակ անհետացավ՝ չդառնալով այս «աստղը»:
-Ես կարող եմ խոսել միայն այն սուպերսթարների ընթացքի մասին, որտեղ ներկա եմ եղել: Ինչ վերաբերում է կորել-չկորելուն, ապա դա էլի մարդանց ձեռքում է:
- Իսկ միգուցե այլ պատճա՞ռ կար, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ մեր շոու-բիզնեսի աստղերից ոմանք նրան նախանձում էին:
- Ես չեմ ուզում խոսել կենցաղային բամբասանքի կամ «ճաշասենյակի» մակարդակով, քանի որ վարսավիրանոցում չենք ու չենք բամբասում: Տաշած քարը գետնին չի մնում, ու այդ ժողովրդական խոսքը շատ եմ հավանում:
- Բայց ասում են՝ գտիր հարմար պրոդյուսեր, ու քեզ համար, անկախ նրանից՝ ձայն ունես, թե ոչ, բաց են բոլոր ճանապարհները:
-Ասում են, այո, բայց տաշած քարերը, միևնույն է, գետնին չեն մնում: Իհարկե, պրոդյուսերական ամեն ինչն էլ շատ կարևոր է:
- Ավետ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ժյուրիում նստած պրոֆեսիոնալ երգիչները մի տեսակ խանդով են վերաբերում ոչ պրոֆեսիոնալ կամ սկսնակ երգիչների ձայնային տվյալներին: Երբեմն լսել եմ, երբ սովորական հեռուստադիտողն ասել է, որ մասնակիցները շատ ավելի լավ են երգում, քան պրոֆեսիոնալները: Խանդի թաքնված տեսարանների ականատես եղել ե՞ք:
- Առաջին անգամ էի ժյուրիի կազմում, ու ասեմ, որ ես ինքս առաջինը շատ ուժեղ կզարմանամ ու կծիծաղեմ, եթե ինձ մոտ նախանձի դրսևորումներ լինեն որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ կողքից, ճիշտն ասած, ժյուրիի կազմում եղած երգիչ-կատարողների պարագայում չնկատեցի, որ Անդրեն երակները փրթեր, կամ Լեյլան ընկներ անորեքսիկ շոկի մեջ, որ լավ երեխաներ կան: Ճիշտ հակառակն եմ տեսել՝ ոնց են թևեր տվել, ոգևորել: Ուրիշ նախագծերի ժյուրիների պահվածքներին էլ, դժբախտաբար կամ բարեբախտաբար, տեղյակ չեմ:










