Մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի դպրոցական առաջնությունը
Այսօր մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի դպրոցական առաջնությունը:
Գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մրցույթին մասնակցում են 22 թիմեր՝ Երևանից, Կապանից, Ստեփանակերտից և Գյումրիից:
Նրա խոսքով՝ հաղթող երկու թիմերն իրավունք կստանան մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Բելառուսում։ Մրցույթի խաղավարն ու հարցերի հեղինակը Բելառուսի գիտակների լիգայի նախագահն է:
«Խաղի հիմնական նպատակն է՝ երեխաներին կտրել փողոցից, կտրել այն երևույթներից, որոնք բացասաբար են անդրադառնում նրանց վրա և այնպես անել, որ նրանք կենտրոնանան գիրք կարդալու, գիտելիք ձեռք բերելու վրա»,-ասաց Տիգրան Քոչարյանը` հավելելով, որ հայկական ինտելեկտն այն բրենդն է, որը մենք կարող ենք վաճառել:
Գիտակների ասոցիացիայի նախագահը տեղեկացրեց, որ մրցույթն անցկացվելու է ռուսերենով, քանի որ հաղթողները պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Դպրոցականներին ողջունելու էր եկել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով կարևորեց գիտելիքի դերն ու ուժը և հայ երեխաներին մաղթեց հաջող ու գեղեցիկ խաղ:
«Ես ուրախ եմ, որ ինտելեկտուալ շարժումը իր շուրջը համախմբել է մեր դպրոցականներին: Գիտելիքն է միակ արտարժույթը, որը չի արժեզրկվում, գիտելիքն է միայն այն զենքը, որը երբեք ձեզանից ոչ ոք չի կարող խլել:
Հաջողություն ձեզ և գեղեցիկ խաղ»,- ասաց ԿԳ նախարարը:
Brain killers թիմի ավագը՝ Հովհաննեսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վստահ է իր թիմի հաղթանակի հարցում.«Մենք ոչինչ չենք ուզում ապացուցել, բոլորը գիտեն, որ մենք հաղթելու ենք»,- ասաց Brain killers թիմի ավագը:
«Շիրակացի» թիմի ավագ Վահան Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հասկացել է հաղթանակի բանաձևը ու խաղի միջոցով բացահայտել իր ընկերներին:
«Սա մի միջավայր է, որտեղ քո ընկերներին կարողանում ես ուրիշ դիտանկյունով տեսնել, բացահայտել նրանց: Կարևոր է, որ խաղը թիմային խաղ է, ու եթե թիմում որևէ օղակ լավ չի աշխատում՝ ամբողջ գործունեությունը չի ստացվում: Այս դեպքում կարևոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ հասկանա իր դերը, դրանում է կայանում խաղի հաջողությունը», -նշեց նա։
Վահան Կոստանյանն անկեղծացավ, որ այսօր՝ ընդունելության քննություններին պատրաստվելու պատճառով այդքան էլ լավ մարզավիճակում չեն, սակայն հպարտությամբ նշեց, որ երկու տարի ինտելեկտուալ խաղերին մասնակցող թիմը Երևանի գավաթում հաղթանակ է ունեցել:
Տիգրան Քոչարյանն ասաց, որ առաջնության հաղթողներին որպես մրցանակ տրվելու են գրքեր, քանի որ «գիրքը գիտակի լավագույն նվեր է համարվում»:
Արմեն Աշոտյանն էլ իր հերթին խոստացավ, որ լրացուցիչ պարգևատրումներ և մրցանակներ կտրվեն ԿԳ նախարարության կողմից:
Մրցույթը կանցկացվի երեք փուլով, իսկ հաղթողները պարզ կդառնան այսօր:









