Համանախագահների ասածն իրականության հետ կապ չունի. Արկադի Տեր-Թադևոսյան

15:38 • 01.05.12

Դիվանագիտության լեզուն ուրիշ լեզու է, և մենք պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ լեզվով է խոսում, Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, պաշտպանության փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ արձագանքելով շփման գծում հրադադարի խախտումների վերաբերյալ միջնորդների գնահատականներին մասին տարբեր փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներին:
«Իրենց լեզուն ունեն, իրենց քայլերն ունեն, որոնք շատ հաճախ իրականության հետ կապ չունեն»,- ասաց Արկադի Տեր Թադևոսյանը:


Այսօր էլ լրատվամիջոցներից մեկը կարծիք էր հայտնել, որ Մինսկի խմբի հայտարարությունը չափից դուրս «դիվանագիտական»՝ լինելով, ձեռնտու է սադրանքների գնացած կողմին՝ Ադրբեջանին: Խոսքը Տավուշի մարզի Այգեպար-Մեսրոպ գյուղի ճանապարհին երեք ժամկետային հայ զինծառայողների սպանության մասին է, ինչի վերաբերյալ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Տոնոյանն անգամ չէր բացառել դիվերսիայի վարկածը:


Հիշեցնենք, որ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա)` իրենց տարածած հայտարարությունում նշել էին, որ «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններից, ինչի արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:


Համանախագահները բոլոր կողմերին նաև կոչ էին արել.«Հետևել 1994թ. հաստատված հրադադարի ռեժիմին և զերծ մնալ պատժից գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության»,- ասված է հայտարարության մեջ:
Այն, որ, փաստորեն, սրանով հավասարության նշան է դրվում կողմերի, տվյալ դեպքում՝ սադրանք իրականացրած Ադրբեջանի և սադրանքի զոհ՝ Հայաստանի միջև, Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, նորություն չէ.«Այն ադրբեջանական կողմի սովորական, մշտական գործելաոճն է, նրանք 100 անգամ են կրակում, մենք՝ մեկ, ու համանախագահները երկու կողմերի միջև «հավասարակշռություն» են պահպանում, թե, իբր, երկու կողմերն էլ պետք է «այդ գործը» դադարեցնեն …»:


Զինվորականը նաև անիմաստ է համարում, որ ՀՀ բարձագույն ղեկավարությունը միջազգային դիտորդների առաջ հարց բարձրացնի, որպեսզի հետայսու նման հավասարակշռություն չդրվի: «Մերոնք չեն կարող նման հարց բարձրացնել, որովհետև սկզբից կգրեն, թե մի տասը անգամ հայկական կողմն է խախտել, մի քսան անգամ էլ Ադրբեջանը, բայց հետո կամաց-կամաց կդզեն… ու մենք հազիվ թե, կարողանանք հասնել նրան, որ համանախագահների հայտարարություններում արտացոլվի իրականությունն այնպես, ինչպես կա»,- նկատեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: