Հնդկաստանում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 105-ի
Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգի Բրահմապուտրա գետում, երեկ խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 105-ի, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով հնդկական ոստիկանությանը: Փրկարարներն ու մոտակա գյուղերի բնակիչները դիերը հայտնաբերել են գետի ափերին:
Լաստանավի մոտ 100 ուղևոր էլ համարվում է անհետ կորած, հաջողվել է փրկել մոտ 50 մարդու կյանքը:
AFP-ի ներկայացրած վերջին տվյալների համաձայն` լաստանավում եղել է 350 ուղևոր: Ավելի վաղ հաղորդվում էր 250 ուղևորի մասին:
Բրահմապուտրան համարվում է արագահոս գետ, իսկ լաստանավը գերբեռնված է եղել ուղևորներով, խորտակմանը նպաստել է բարձրացած փոթորիկը: Այն խորտակվել է Դհուբրի քաղաքից ոչ հեռու, ուր էլ ուղևորվում էր:









