Վրաստանի խորհրդարանը դեռ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. վրացագետ

16:47 • 01.05.12

Վրաստանի խորհրդարանն, ըստ Ջավախքի հարցերով փորձագետ, Ալիկ Էրոյանցի, մոտ ապագայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, Ալիկ Էրոյանցն ասաց, որ պատճառը՝ Վրաստանում գերիշխող ադրբեջանական և թուրքական գործոնի ուժեղացումն է։


Ջավախքի հարցերով փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը, իր հերթին, նկատեց, որ դրանում իր մեղքի բաժինն ունի Հայաստանի ղեկավարությունը։

«Այստեղ կա նաև հայաստանյան իշխանությունների և ղեկավարության որոշակի բացթողումը: Այսօրվա հայ-վրացական հարաբերությունները կառուցված են միայն տրանզիտային տարածքին և ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի վրա, իսկ Հայաստանը չի միջամտում ջավախքյան խնդիրներին»,– ասաց նա:

«Այսինքն, ՀՀ իշխանությունները Վրաստանի հայ բնակչության իրավունքները զիջել են տրանզիտային տարածքի դիմաց»,- ասաց փորձագետ Մկրտչյանը:

 

Էրոյանցն իր հերթին բացատրեց, որ Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի հիմնական գործընկերներն են և դա է պատճառը, որ Վրաստանը «թույլ է տալիս, որպեսզի թուրքական և ադրբեջանական գործոնն ուժեղանա»:

Ղևոնդ Մկրտչյանը միաժամանակ ընդգծեց՝ սա է պատճառը, որ Ջավախքում չեն բարձրաձայնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թեև շատ են ցանկանում և ակտիվ քննարկում են հասարակական շրջանակներում:

 

«Քաղաքական իրադրությունը Վրաստանում այսօր թույլ չի տալիս նրանց այս հարցում համարձակ որոշում կայացնել և Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել»,- բացատրեց փորձագետը: