Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորները «ցեղասպանություն» բառն անգամ շշուկով չեն ասում. Ղևոնդ Մկրտչյան
Ջավախքի հարցերով փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորներն ունեն իրենց ակնհայտ արտոնությունները, մինչդեռ, ըստ նրա, նույնը չի կարելի ասել հայ պատգամավորների մասին:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ փորձագետը նկատեց, որ դա է փաստում ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ վրացի և ադրբեջանցի պատգամավորի միջև ծագած վեճը:
Իսկ հայ պատգամավորները, Ղևոնդյանի խոսքով, անգամ շշուկով չեն համարձակվում խոսել Հայոց ցեղասպանության մասին.«Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորն իրեն նման պահվածք է թույլ տալիս, իսկ հայ պատգամավորները խորհրդարանում անգամ շշուկով չեն արտաբերում «ցեղասպանություն» բառը»:
Փորձագետը կարծում է, որ Վրաստանի Ազգային ժողովում հարկավոր է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ ինչ վերաբերում է ընդունել-չընդունելուն, ապա դա հարցի մյուս կողմն է:
Հիշեցենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր «Վրացական ժողով»-ի պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի և կառավարող «Միացյալ ազգային շարժում»-ից Ազեր Սուլեյմանովի միջև բուռն վեճ էր սկսվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Ազգությամբ ադրբեջանցի Սուլեյմանովը գործընկերոջը անվանել էր «Բագատուրյան», և «խորհուրդ տվել», որ վերջինս «քիթը չխոթի իրեն չվերաբերող գործերի մեջ»:
Դրանից հետո, նրանք սկսել են միմյանց վրա տարբեր իրեր նետել, իսկ այնուհետև՝ անցել ձեռնամարտի:
Ասուլիսի մասնակից, Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի գնահատմամբ, ադրբեջանցի պատգամավորն իրեն ոչ կոռեկտ է պահել՝ դրսևորելով պատգամավորին ոչ վայել պահվածք, ինչն անընդունելի է:
Վերջինիս տեղեկացմամբ, թեպետ ադրբեջանցի պատգամավորը հետո ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն դա նրան ամենևին չի արդարացնում:
«Վրաստանի հայ համայնքին կհորդորեի՝ ավելի ակտիվացնեն իրենց գործողություններն ու Հայոց ցեղասպանության հարցում լինեն ավելի համախմբված, և միասնական աշխատեն»,-ասաց Ալիկ Էրոյանցը:
Ա. Էրոյանցն ընդգծեց այն փաստը, որ ադրբեջանցիներն այդ օրը ՝ ապրիլի 24-ին, շատ պատրաստված են եղել և նախապես ծրագրել են իրենց բոլոր քայլերը: Այսպես. միջադեպից րոպեներ անց, խորհրդարանի առջև հավաքվել են Վրաստանում բնակվող ադրբեջանցի ուսանողներն ու իրենց բողոքն արտահատել ընդդեմ Բագատուրիայի: Բացի այդ, Ալիկ Էրոյանցի տեղեկացմամբ, այդ օրը խորհրդարանում ներկա էին նաև ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Վրաստանի հարցերով փորձագետ Ա. Էրոյանցն անդրադարձավ նաև հետևյալ փաստին՝ միջադեպից հետո խորհրդարանում հայազգի պատգամավոր Արմենակ Բայանդուրյանին խոսքի իրավունքից զրկելուն:
Նա հիշեցրեց, որ Բայանդուրյանն այդ ընթացքում ցանկացել է խոսք ասել, սակայն խորհրդարանի խոսնակը նրան թույլ չի տվել` չմիացնելով խոսափողը:
Չնայած արգելքին, այնուհանդերձ, Բայանդուրյանն ասել է իր ասելիքը: Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանի խոսնակը, պարզապես փորձել է հանդարտեցնել, քանի որ, եթե շարունակվեր լարված իրավիճակը, անկանխատեսելի դեպքեր կլինեին:









