«Ժառանգությունը» դատապարտում է Ստյոպա Սաֆարյանի քարոզչության խոչընդոտումը

18:40 • 01.05.12

«Ժառանգությունը» կուսակցության նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի և «Ժառանգության» քարոզչական նյութերը բաժանելուն:

 

«Ժառանգություն» կուսակցության, ահազանգի հետքերով ժամը 13:00-ի մոտակայքում, Ավանի 6-րդ փողոց ժամանած Ստյոպա Սաֆարյանն ու նրան ուղեկցող անձինք, անձամբ ականատես են եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ խոչընդոտում քարոզարշավին:

 

«Խոչընդոտողների թվում էր Նառա անունով ներկայացած մի կին` Հանրապետական կուսակցության շտաբի ակտիվիստներից, որն անգամ զգուշացումից հետո շարունակում էր մարդկանցից ետ հավաքել Ս.Սաֆարյանի ու «Ժառանգության» քարոզչական նյութերը: ՀՀԿ շտաբում հավաքված իր բուկլետները պատգամավորը տեսել է անձամբ»:

 

Կուսակցության նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ 3-րդ փողոցում հավաքված ՀՀԿ շտաբերի շուրջ 30 ակտիվիստներ, Սաֆարյանի քարոզչական խմբերի հասցեին հնչեցրել են հայհոյախառն, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ:

 

«Հատկապես աչքի են ընկել 2 տղամարդ, որոնք ժամանել էին 22OU171 պետհամարանիշով ջիպ ավտոմեքենայով: Ներկայանալ հրաժարված հիշյալ երկու անձինք աղմկել են և պնդել, որպեսզի Սաֆարյանը «հավաքի բանդան և հեռանա իրենց թաղից:

 

Իրադրության հետագա սրում թույլ չտալու համար Սաֆարյանը զանգահարել է Ոստիկանություն և հաղորդում տվել հանցագործության մասին: Ոստիկանություն դիմելուն պես խմբված ՀՀԿ-ականները լքել են տարածքը: Անկախ միջադեպից Ս.Սաֆարյանը և նրա շտաբի անդամները շարունակել և ավարտել են ծրագրված քարոզարշավը»:

 

Հայտարարության մեջ ասված է.«Ցավալի է, որ կատարվածը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկան ո՛չ ՀՀԿ կուսակցությունը, ո՛չ էլ նրա մեծամասնական թեկնածուն` Ռուբեն Հայրապետյանը»:

 

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում թիվ 1 ընտրատարածքում մրցակից թեկնածուին՝ Ռուբեն Հայրապետյանին և իրավապահ մարմիններին.«Անհապաղ միջոցներ ձեռնարկել հետայսու ընտրատարածքում նման միջադեպերի կանխման ու լարվածության հետագա ուժգնացում թույլ չտալու համար»: