Մեծ թափ է առել դեղձենիների ու ծիրանենիների սնկային հիվանդությունը. Հրաչ Բերբերյան

11:58 • 01.05.12

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանն առաջարկում է հանրապետությունում անցկացնել դեղձենիների և ծիրանենիների ավիացիոն բուժում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետը վստահեցրեց, որ, հատկապես, Արմավիրում ու Արարատում մեծ թափ է առել դեղձենիների ու ծիրանենիների սնկային հիվանդությունը:


«Տերևների վրա արդեն տարածվել է սնկի հիվանդությունը, դրան նպաստում են անձրևները, և գյուղնախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Մենք խորհուրդ ենք տալիս անմիջապես կազմակերպել հակասնկային սրսկումներ: Եթե պայքար չլինի՝ մի քանի տարի հետո կարող ենք բազմաթիվ ծառեր կորցնել»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այն կիրը, որն այս օրերին քսում են ծառերին, չի օգնում:


«Դեղձենիների մոտ դեռ թույլ է արտահայտված հիվանդությունը, բայց արդեն նկատելի է, իսկ ծիրանենու վրա սունկը արդեն նստած է»,– ասաց նա:


«Եթե այսօր բուժումներն սկսենք, ապա նախորդ տարվա հետ համեմատած ավելի շատ բերք կստանանք՝ մոտ հինգ տոննա, իսկ եթե ոչ՝ ավելի քիչ կլինի»,- ասաց նա և ավելացրեց, որ գյուղնախարարության ծրագրում նախատեսված էր բույսերի պաշտպանություն, սակայն «վայ» մասնագետների պատճառով այն հանվեց:


Մեկ հեկտար տարածքում հակասնկային սրսկում իրականացնելու համար անհրաժեշտ է 8-10 հազ դրամ: