ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում բոլորից լավ է անդրադարձել գյուղատնտեսությանը. Հրաչ Բերբերյան
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների ներկայացրած ծրագրերից ամենաշատը հավանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիրը, քանի որ ՀՀԿ-ն բոլորից լավ է անդրադարձել գյուղատնտեսությանը։
«Վերջին երկու տարվա ընթացքում իրոք պետք է նշել, որ իրենք լավ աշխատեցին: Պարարտանյութի ապահովումը կառավարությունն է արել, դիզվառելիքը կառավարչությունն է անում, հացազգիների հետ կապված քայլեր իրականացրեցին: Եթե կարողանան իրականացնել այն ինչ ասել են, ուրեմն, շոու չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հրաչ Բերբերյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի խորհրդարանական ընտրություններից հետո և չանի այն, ինչ նախապես իր ծրագրում գրել է, ապա իրենք ուժեղ քննադատության կենթարկեն ՀՀԿ–ին։
Հրաչ Բերբերյանի վրդովմունքն էր առաջացրել այն, որ կուսակցությունները չեն նշել, թե իրենց ընտրվելու դեպքում ովքեր են կազմելու կառավարությունը:
«Պետք է յուրաքանչյուրը դա աներ և նստեին ու միմյանց հետ բանավիճեին ապագա գյուղնախարարները և մարդիկ հնարավորություն կունենային հասկանալու, թե ում կարելի է ձայնը տալ»,- ասաց նա:









