«Ալ Կաիդա»-ն ահաբեկչության հրահանգները թաքցրել է պոռնոֆիլմում

13:50 • 01.05.12

2011թ.-ի մայիսի 16-ին Բեռլինում գերմանական ոստիկանությունը ձերբակալել ու հարցաքննել է Պակիստանից երկիր ժամանած Ավստրիայի քաղաքացի Մակսուդ Լոդինին: Նրա մոտ հայտնաբերվել էին տեղեկությունների էլեկտրոնային կրիչներ ու հիշողության քարտեր, որոնցում հայտնաբերվել էին պոռնոֆիլմեր:

 

Գերմանացի մասնագետները  շաբաթներ շարունակ աշխատել են գտածոյի վրա, մինչև նրանց աշխատանքները տվել են սպասելի արդյունքը` պոռնոֆիլմերում հայտնաբերվել են ավելի քան 100 փաստաթղթեր, որոնք պարունակել են արյունալի ահաբեկչությունների իրականացման հրահանգներ: Ինչպես հայտնում է NEWSru.co.il-ը` վկայակոչելով CNN հեռուստաալիքին, «ֆայլը» պատրաստել են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները, հնարավոր է` ցանցի առաջնորդներից Յուսուֆ ալ- Մաուրիտանին:

 

«Թաքնված» ծրագրերի թվում եղել է, մասնավորապես, Մումբայի «Թրիդենտ» հյուրանոցի վրա հարձակման հրահանգը: 2008թ.-ի նոյեմբերի 26-ին 10 պակիստանցի ահաբեկիչ հարձակվել էր հյուրանոցի վրա ու սկսել կոտորել բոլորին: Հնդկական հատուկջոկատայինները նրանց ոչնչացրել են միայն 2 օր անց, իսկ այդ ընթացքում ահաբեկիչների զոհն է դարձել 164 մարդ:

 

Ամերիկյան հատուկջոկատայինների խոսքով` գերմանական ոստիկանության կողմից հայտնաբերված փաստաթղթերը հնարավոր չէ «թերագնահատել»: «Դրանք ոսկի են»,- մեջբերել է նրանց CNN-ը:

 

Մակսուդ Լոդինն ու նրա ծանոթը` Յասին Օչակը, ով ձերբակալվել է Վիենայում, ձերբակալությունից 2 շաբաթ անց կանգնել են բեռլինյան դատարանի առաջ` ահաբեկչական գործունեությանը մեղսակցության մեղադրանքով: Իշխանությունները կասկածում են, որ երկու մեղադրյալները նախապատրաստում են անցել Պակիստանի թալիբների բազաներում ու Եվրոպա են ժամանել կողմնակիցների հավաքագրելու նպատակով: Նրանք, սակայն, պնդում են, որ անմեղ են: