ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը չի թույլատրել Իրանին ուրան հարստացնել
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն այսօր հերքել է օրերս լրատվամիջոցների տարածած լուրը, համաձայն որի` ԱՄՆ-ը զիջումների դիմաց կարող է թույլատրել Իրանին ուրան հարստացնել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկյան «Լոս Անջելես Թայմս»-ը գրել էր, որ եթե Թեհրանը համաձայնի միջազգային հսկողություն սահմանել իր միջուկային օբյեկտների վրա, ապա ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Իրանին ուրան հարստացնել մինչև 5%:
«Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը հայտնվել: Հնարավոր է, որ ինչ-որ անհաջող հոդվածի պատճառով է այն տարածվել:Մեր դիրքորոշումը մնում է նույնը: Մենք ցանկանում ենք, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` դադարեցնի ուրանի հարստացումը»,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Նուլանդը հավելել է, որ Իրանի հետ ցանկացած կետ կքննարկվի «վեցյակի» բանակցային սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Ստամբուլում տեղի ունեցավ Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների առաջին փուլը, որին ներկա էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կողմերն իրենց գոհունակությունն էին հայտնել բանակցությունների ընթացքից և հաջորդ փուլը նախատեսել են անցկացնել մայիսի 23-ին Բաղդադում։









