Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

14:21 • 01.05.12

Ապրիլի 30-ին աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ջազի միջազգային օրվան նվիրված հաճելի նվեր է մատուցվել մայրաքաղաքի երաժշտասերներին:

 

Կասկադ համալիրում՝ բացօթյա մեծ համերգ է կազմակերպվել, որին մասնակցել են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազ-բենդերը՝ վերջին 50 տարիների բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը. համերգին մասնակցում էր նաև ֆրանսահայ դուդուկահար Լևոն Մինասյանը:

Մինչ կեսգիշեր ջազի սիրահարները ունկնդրել են ջազային մեկնաբանություններ, հայկական ու համաշխարհային հանրահայտ ստեղծագործություններ:

 

1800-ականներից Ամերիկայի Նյու Օռլեան քաղաքից ջազը տարածվեց ողջ աշխարհում և միայն նախորդ տարվա վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վեհաժողովը Ջազի միջազգային օր հայտարարեց ապրիլի 30-ը. հենց ապրիլին է ջազի հայրենի քաղաքում ընթանում ջազի ամենամյա ամիսը:

 

Ջազի միջազգային օրը մայրաքաղաքում նշվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Համերգն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: