Մայիսի 1-ը տոնելու համար մարդու ձեռքն ու խիղճը պետք է մաքուր լինեն. Ռուբեն Թովմասյան
Այսօր մայիսի 1-ի աշխատավորության տոնի առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շքերթ անցկացրեց, որից հետո Շահումյան հրապարակում մեկնարկեց Կոմկուսի հանրահավաքը:
ՀԿԿ-ի առաջնորդ Ռուբեն Թովմասյանն ասաց, որ հպարտ է, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կարողացել է պահպանել տոնը:
«Այսօր մայիսի մեկն է, և մենք հիշում ենք բանվորին, գյուղացուն, թե ինչպես էր նա պաշտպանված և գիտեր որ իր կողքին է հզոր Կոմունիստական կուսակցությունը: Այսօր մայիսի 1-ն է, բոլորը հասարակ մարդուն գրկում ու խոստումներ են տալիս, բայց ոչ մեկը չի տոնում մայիսի 1-ը՝ բանվորի տոնը, որովհետև տոնելու համար մարդու ձեռքն ու խիղճը պետք է մաքուր լինի, որ կարողանաս կանգնել բանվորի առջև և զրուցել»,- ասաց ընկեր Թովմասյանը:
Հանրահավաքի ընթացքում ընկեր Թովմասյանը վերհիշեց նաև պատմությունից դրվագներ և ասաց, որ իրենց իշխանության տարիներին Հայաստանը ծաղկունք է ապրել, ոչինչից ստեղծվել է հզոր երկիր:
«Զարգացում ապրեց Հայաստանի արդյունաբերական՝ խոշոր ձեռնարկություններով, գիտությունն ու կրթությունը: Ամբողջ հանրապետությունը այդ տարիներին բարեկարգվեց ու կառուցվեց այն պարագայում, երբ մի կտոր նորմալ բնակելի հատված չկար»,- ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Ռուբեն Թովմասյանը նշեց, որ ՀԿԿ-ն եղել է բոլոր մարզերում, կարողացել է խոսել աշխատավոր մարդու հետ և իմանալ նրա ցավն ու դարդը:
«Եթե մենք դառնանք պառլամենտական կուսակցություն, ապա բարձրացնելու ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայոց լեզվի պահպանումը, վերականգնելու ենք 10-ամյա միջնակարգ կրթությունը, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կլինի անվճար»,– ասաց նա։
«Մենք պետք է մտցնենք մի օրենք, որով ժողովուրդը պատգամավորին իրավունք կունենա հետ կանչելու, եթե նրա աշխատանքից գոհ չէ: Մենք ցանկանում ենք, որ վերացվի պատգամավորի անձեռնմխելիությունը»,- ասաց նա, ինչը ծափողջյուններով ընդունեցին հանրահավաքի ոչ այնքան մեծաթիվ մասնակիցները։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ՀԿԿ-ի առաջնորդը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ՝ հայ-ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:
«Սա կարևոր և ճակատագրական նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Հայ ժողովուրդը հավերժ պետք է լինի ռուս ժողովրդի հետ: Նորելուկ քաղաքական գործիչներ հայտարարություններ են անում թե դուրս բերեք ռուսական զորքերը Հայաստանից: Ես ուզում եմ Կոմկուսի անունից հայտարարել, որ երբ նման բան տեղի ունենա սկիզբ կդրվի ՀՀ-ի վերջին»,-ասաց նա և ավելացրեց, որ առանց ռուս ժողովրդի մենք ոչինչ անել չենք կարող:
Իր խոսքի վերջին Ռուբեն Թովմասյանը նշեց, որ ինքը համոզված է, որ հայ ժողովուրդը մտածում է սոցիալիստապես. «Այս համակարգը փտած է, տառապում է ռակով և պետք է հեռանա իշխանությունից: Դա ցույց է տալիս համաշխարհային պատմությունը: Մենք պետք է օրինակ վերցնենք Չինաստանից: Դա է միակ մեր փրկությունը»,-ասաց նա:









